ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երևանում անցկացվելիք «Նոր զարգացումների հեռանկար» համաժողովին կմասնակցեն հայտնի կին ձեռներեցներ ամբողջ աշխարհից

15/05/2015
Մայիսի 15-ն աշխարհում հայտնի է որպես Ընտանիքի միջազգային օր, բայց կան երկրներ ու կառույցներ, որոնք այս օրը նշում են նաև որպես Կին ձեռներեցների օր, որը սահմանվել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) կողմից:

Այս օրվա, ինչպես նաև հունիսի 8-11-ը Երևանում անցկացվելիք «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի մեր կառավարությունը ևս այս օրը սահմանի որպես Կանանց ձեռներեցության օր, ինչը կարող է որոշակի դերեկատարություն ունենալ Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման գործում»,- նշեց Լ. Ասատրյանը և անդրադաձավ կայանալիք միջոցառմանը. «ՀՀ Կին ձեռներեցների ցանցը հունիսի 8-ից 11-ը հայտարարում է կանանց երևանյան շաբաթ, որը հագեցած է լինելու տարբեր միջոցառումներով: Այդ օրերի ընթացքում կկազմակերպվի «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո, մեր երկրի կին արտադրողների մասնակցությամբ էքսպո կանցկացվի, ինչպես նաև բիզնես-բիզնես հանդիպումներ, այցելություններ ձեռնարկություններ, նաև մշակութային ծրագիր ենք ունենալու»:

Համաժողովի հիմնական նպատակը, Լ. Ասատրյանի խոսքով, հերթական անգամ ընդգծելն է կանանց ձեռներեցության կարևորությունը մեր երկրում, ինչպես նաև հնարավորություն տալը մեր երկրի կին ձեռներեցներին շփվելու համաշխարհային կառույցներում ընդգրկված և տարբեր խոշոր ձեռնարկություններ ղեկավարող կին ձեռներեցների հետ, որը կարող է առիթ հանդիսանալ հետագա համագործակցության համար:

«Ձեռներցությունն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է` ինչպես մեր ընտանիքների, այնպես էլ երկրի հանդեպ. սոցիալական պատասխանատվությունը կարևոր տեղ է գրավում ձեռներեցության մեջ»,- նշեց ՀԵԿԱ նախագահը` հավելելով, որ պետք է իրենց արտասահմանյան գործընկերների հետ փորձեն հասկանալ, թե ինչպես կարելի է զարգացնել կանանց ձեռներցությունն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում. «Մեծ սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրվող ձեռներեցներին միանալ մեզ. դեռևս ընդունում ենք մասնակցության հայտեր, բայց նաև պետք է հաշվի առնել, որ տեղերը սահմանափակ են»:

Լ. Ասատրյանը տեղեկացրեց, որ միջազգային համաժողովի շրջանակներում կկայանա նաև 2011թ-ից ի վեր կազմակերպվող «Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը, որը կին ձեռներեցներին ուղղված խրախուսական միջոցառումներից մեկն է: «ՀՀ Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել ՀՀ-ում ձեռներեցության ոլորտում գործունեություն ծավալող այն կանանց, ում փորձառությունն օրինակելի է, և ովքեր տնտեսական հաջող գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ ակտիվ մասնակցություն են ունենում նաև հասարակական կյանքում:

Անդրադառնալով «Նոր զարգացումների հեռանկար» համաժողովի հյուրերին` Լ. Ասատրյանը նշեց, որ հրավիրված են հայտնի կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի վարչության և համաշխարհային կոմիտեի անդամներ, հայտնի կին գործարարներ, պետական մարմինների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ. «Նախատեսվում է, որ Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում Հայաստան կժամանեն FCEM նախագահ Լաուրա Գուչին և Քուվեյթի արքայադուստրը, ով Արաբ կին ձեռներեցների ասոցիացիայի նախագահն է և աշխարհի ազդեցիկ 100 կանանցից մեկը, ինչպես նաև հայտնի բարերար է»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ սա մեր երկրի հանդեպ ուշադրությունը մեծացնելու ևս մեկ առիթ է:

«Մեր երկրում կանանց ձեռներեցությունը հիմնականում փոքր և միջին ձեռնարկատիրության մակարդակի վրա է գտնվում, և ես մեր կառույցի օրինակով, որը միավորում է ՀՀ-ում գործունեություն ծավալող ավելի քան 300 կին ձեռներեցների, կարող եմ փաստել, որ կին ձեռներեցները ներկայացնում են ամենատարբեր ոլորտները»,- նշեց Լ. Ասատրյանը` հավելելով, որ հատկապես մարզերում խրախուսում են կանանց ձեռներցության զարգացումը` տրամադրելով նրանց ինչպես խորհրդատվական ծառայություններ, այնպես էլ ֆինանսական աջակցություն:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան (FCEM), որի հովանու ներքո է անցկացվելու կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, աշխարհի ամենամեծ և ազդեցիկ հասարակական կազմակերպություններից է, ստեղծվել է 1945թ-ին: FCEM-ը միավորում է շուրջ 120 երկրների ավելի քան 5մլն գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: Հիմնադրումից հետո տարբեր երկրներում անցկացվել են նմանատիպ համաժողովներ, որոնք անցնում են այդ երկրների ամենաբարձր պաշտոնատար անձանց հովանու ներքո` նախագահների, առաջին տիկնանց մակարդակով:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանում անցկացվելիք համաժողովին ՀՀ առաջին տիկինն ունենալու է մասնակցություն, թե ոչ, դեռ պարզ չէ. առաջարկն արդեն ուղարկված է նրան:

«Համաժողովին մասնակցության պատրաստակամություն են հայտնել նաև տարբեր երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կանանց ձեռներցության ոլորտում ներգրավված կազմակերպություններ և անհատներ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետը»,- նշեց ՀԵԿԱ նախագահը` ընդգծելով, որ հետևողական են լինելու, որ համաժողովի ավարտից հետո այն ունենա տեսանելի արդյունք. «Համաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել բանաձև` ազգային և միջազգային մակարդակներում կանանց ձեռներեցության խրախուսման առնչությամբ, որը կստորագրվի համաժողովի մասնակիցների կողմից և կներկայացվի կառավարությանը»:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում