ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տեղի ունեցավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի փակման կոնֆերանսը

29/04/2016
Ապրիլի 28-ին Երևանում ՀԲԸՄ հիմնադրամի դահլիճում անցկացվեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի փակման կոնֆերանսը: Ինչպես հայտնի է, ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» եռամյա ծրագիրը Լոռու մարզում իրականացվում է 2013թ. մայիսից: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 768.357.95 եվրո է, որի 80 տոկոսը ֆինանսավորվում է Եվրամիության, իսկ 20 տոկոսը՝ ՀԵԿԱ-ի կողմից:
Կոնֆերանսի նպատակն էր հանրությանը ներկայացնել ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնալ կանանց ձեռներցության ոլորտի հիմնախնդիրներին:
Մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ, ծրագրի շահառուներ:
Ողջունի խոսք ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Կարևորելով համագործակցությունը ասոցիացիայի հետ՝ նա հույս հայտնեց, որ այն կշարունակվի.
- «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» ինձ համար հոգեհարազատ կազմակերպություն է դարձել, քանի որ նրա ցանկացած նախաձեռնություն միմիայն դրական արդյունք է ունենում՝ ի շահ մեր համայնքների զարգացման: Կառույցը խթանում է կանանց ձեռներցությունը, ինչը ևս դրական երաշխիք է, որ նախաձեռնությունը հաջող ընթացք և առավել հաջող ավարտ կունենա, քանի որ իմ խորին համոզմամբ` լոռեցի կանայք իրենց վստահված ցանկացած գործ պատվով ու ամենայն պատասխանատվությամբ են կյանքի կոչում: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացումը» մարզում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որի արդյունքներն ականառու ու շոշափելի են, դրանք նպաստում են համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի շարունակական բարելավմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպությանը՝ ի դեմս նախագահ Լիլիթ Ասատրյանի ու ողջ աշխատակազմի և ասել՝ ձեր ծրագրերը մեծապես օժանդակում են մեր համայնքների հզորացմանը՝ կանանց անսպառ ներուժն օգտագործելով այդ նպատակին: Ողջունում և բարի երթ եմ մաղթում նաև այլ ձեռնարկումներում և վստահեցնում եմ, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է մշտապես աջակցել ձեզ՝ կյանքի կոչելու ցանկացած ողջունելի նախաձեռնություն: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև Եվրամիությանը՝ ծրագրի իրականացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար և հուսով եմ, որ համագործակցությունը կշարունակվի՝ ի շահ մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման,-ասաց նա:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար Իրինա Մովսիսյանը՝ խոսելով նաև ծրագրի արդյունքների և կարևորության մասին: Լ. Ասատրյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր բոլոր կառույցներին համագործակցության և աջակցության համար՝ առանձնահատուկ շեշտելով Լոռու մարզպետարանի և Եվրամիության դերակատարությունը: Անդրադառնալով ձեռքբերումներին՝ նա գլխավորապես կարևորեց շահառուների հետ աշխատանքում գրանցված հաջողությունները:
Ծրագրի արդյունքների և ձեռքբերումների մասին խոսեցին նաև ասոցիացիայի և CISP կազմակերպության ներկայացուցիչները: Նշվեց, որ ծրագրի շրջանակներում, ի թիվս մի շարք այլ բաղադրիչների, 38 բիզնես-ծրագիր ստացել է դրամաշնորհ՝ բիզնես սկսելու կամ ընդլայնելու համար: Դրամաշնորհ ստացած կանայք իրենց գործունեությունը ծավալել են գյուղատնտեսության, առողջապահության, արտադրության, ծառայությունների, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում: Ծրագրի շնորհիվ ավելի քան 600 կին Լոռու մարզում հնարավորություն է ստացել ձեռք բերել ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ, զարգացրել մասնագիտական կարողությունները:
Ծրագրի շահառուները ներակայացրին իրենց հաջողության պատմությունները, խոսեցին ասոցիացիայի կողմից բիզնես սկսելու գործում իրենց ցուցաբերած մեծ աջակցության մասին:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում