ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Աննա Պողոսյան

Բիզնեսի հաջողության բանաձևը՝
«Վստահություն, համարձակություն, բարեհամբույր սպասարկում»

Աննա Պողոսյանն այսօր իր սիրելի աշխատանքը վերածել է բիզնեսի և զբաղվում է
թխվածքների արտադրությամբ, Քարինջ համայնքում: Սկզբնական շրջանում զբաղվում էր խմորեղենի արտադրութամբ տնային պայմաններում` ոչ արտադրական կարգավիճակով:
Պատվերներ ընդունում էր հիմնականում համայնքի բնակիչներից:
Աստիճանաբար արտադրանքի պահանջարկը մեծացավ, և տիկին Աննան որոշեց լրջորեն զբաղվել խմորեղենի արտադրությամբ՝ այն վերածելով բիզնեսի՝ ներգրավելով համայնքի 4 կանանց:
Այսօր արդեն տիկին Աննան ունի իր սեփական բիզնեսը, որը հիմնադրվել է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհի շնորհիվ:
Նախքան ծրագիրը Քարինջ գյուղում չկար հացի արտադրամաս, և հացը ներմուծվում էր Ալավերդի քաղաքից: Ծրագրի շնորհիվ Աննա գյուղում հիմնեց հացի արտադրամաս և ստեղծեց երեք աշխատատեղ գյուղի այլ կանանց համար:
«Համագործակցելով ՀԵԿԱ-ի հետ՝ ձեռք բերեցի կարևոր գիտելիքներ բիզնես ոլորտի վերաբերյալ: Արդյունքում ունեցա սեփական աշխատանք՝ իմ հմտությունները դարձնելով եկամուտ ձեռք բերելու միջոց»:
Այժմ տիկին Աննայի թխվածքների արտադրամասում արտադրվում է նաև քարեհաց և լավաշ, որոնք փաթեթավորվում և առաքվում են Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքներ: Որպես ձեռնարկատեր՝ Աննան կարևորում է պատասխանատվությունը, հաճախորդների նկատմամաբ բարեհամբույր վերաբերմունքն ու ազնվությունը:
Share |