Բիզնեսի հաջողության բանաձևը՝
«Ազնվություն, աշխատասիրություն և նվիրվածություն»
Թռչնաբուծությունն անասնապահության կարևոր ճյուղերից է: Ունի տնտեսական բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է թռչուններիկենսաբանական առանձնահատկություններով: Այս ամենը հաշվի առնելով` տիկին Ասպրամը զբաղվում էր թռչնապահությամբ՝ ընտանիքի կարիքները հոգալու համար:
Տարածաշրջանում չկար թռչնաբուծարան, իսկ տեղական արտադրության հավկիթների և հավի մսի պահանջարկը մեծ էր: Այս հանգամանքը ոգևորեց Ասպրամին, և լսելով ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մասին, որոշեց մասնակցել դասընթացներին: Ներկայացնելով բիզնես գաղափար՝ Ասպրամը ստացավ դրամաշնորհ՝ գաղափարը բիզնեսի վերածելու համար:
Սկզբնական շրջանում տիկին Ասպրամի թռչնաբուծարանում կար երեսուն հավ, իսկ հիմա դրանց թիվը հասել է հարյուր հիսունի: Առաջիկայում նախատեսում է տեսականին համալրել հնդկահավերով և լորերով, իսկ փետուրներն ու թռչնաղբը ևս նպատակային օգտագործել:
Սակայն Ասպրամն այս ամենով չի բավարարվում. իր կազմակերպչական ու պրպտուն բնավորության շնորհիվ ցանկանում է է՛լ ավելի մասնագիտանալ գործում՝ ոլորտի գրականություն ուսումնասիրելով և վերապատրաստվելով:
Ասպրամ Ամիրջանյանը համոզված է, որ բիզնեսի կարևոր աշխատանքային սկզբունքը վստահելի հարաբերությունների ստեղծումն է, ինչին ինքը կարողացել է հասնել, և որն էլ գործի հաջողության գրավականներից է: