ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Թամարա Մատինյան

   
Բիզնեսի հաջողության բանաձևը.
Նպատակասլացություն, աշխատասիրություն, ամուր կամք` փորձություններին դիմակայելու կարողություն

Ստեփանավան քաղաքում կա զբաղվածության խնդիր, որի պատճառով իմ ընտանիքը կազմալուծվել էր: Ժամանակին զբաղվում էի գյուղմթերքների, մսամթերքների վաճառքով և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Բիզնեսը հիմնադրել էի վարկ վերցնելով, որի տոկոսադրույքը շատ բարձր էր: Երեք տարի գործունեություն ծավալելուց հետո` առողջությունս կտրուկ վատացավ և անհետաձգելի վիրահատության պատճառով կասեցրեցի իմ գործունեությունը: Ընտանիքս դարձյալ հայտնվեց ծայրահեղ ծանր կացության մեջ:
Տեղեկացա Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի մասին: Անմիջապես եկա Երևան և այցելեցի ՀԵԿԱ-ի գրասենյակ: Այնտեղ ներկայացրեցի իմ խնդիրներն ու նպատակները, զգացի ողջ անձնակազմի հոգատար վերաբերմունքը: Կազմակերպության ծրագրերին ծանոթանալով՝ ներշնչվեցի մեծ հավատով: Այնուհետև մասնակցեցի ՀԵԿԱ-ի կողմից կազմակերպվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող բիզնես դասընթացներին: Վերջինիս ավարտից հետո` ներկայացրեցի կիսաֆաբրիկատների արտադրության ծրագիրը և արժանացա դրամաշնորհի:
Այսօր արդեն Եվրամիության և ՀԵԿԱ-ի շնորհիվ ձեռք բերված անհրաժեշտ սարքավորումներն իմ արտադրամասում են: Բացի ընտանիքիս անդամներից, իմ արտադրամասում ընդգրկված է նաև մեկ այլ աշխատող: Վստահ եմ` հետզհետե արտադրության ծավալն ընդլայնելուն համընթաց՝ կբացեմ նոր աշխատատեղեր:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շնորհիվ վերակազմավորվեց իմ ընտանիքը: Որդիս վերադարձավ տուն՝ արտագնա աշխատանքից: Այժմ իմ ընտանիքի բոլոր անդամներն ինձ հետ միասին զարգացնում են իմ բիզնեսը: «Համեղ խորտիկ» արտադրանքը ճանաչելի է ոչ միայն Ստեփանավանի, այլև հանրապետության այլ բնակավայրերում:
ՀԵԿԱ-ի ողջ թիմն իր մշտական այցերով ու հանդիպումներով, կազմակերպած միջոցառումներով ու քննարկումներով, մասնագիտական դասընթացներով ոգեշնչում, ուսուցանում ու դրական լիցք է հաղորդում մեզ` հայ կանանց:
Հորդորում եմ բոլոր հայ կանանց միանալ ՀԵԿԱ-ին, այսպիսով մենք կօգնենք մեկս մյուսին, մեր ջանքերով շատ կանայք կկարողանան տնտեսապես հզորանալ:
Share |