Բիզնեսի հաջողության բանաձևը.
Դրսևորել հանդուրժողականություն, հասնել փոխըմբռնման, լինել համառ
2005թ. Վանաձոր քաղաքում ձեռնարկել եմ մի գործունեություն, որը ոչ միայն անծանոթ էր հանրությանը, այլ նաև որոշակիորեն անընդունելի: Խնդիրը փոքր խորտիկների անընդունելի լինելն էր հասարակության մեջ, ովքեր սովոր էին ճոխ սեղաններին: Սակայն համառությունը, նպատակասլացությունը, սկզբունքայնությունը, երբեք չհանձնվելու ունակությունը և գեղեցիկը արարելու ցանկությունը, շուտով տվեցին իրենց առաջին պտուղները: Վանաձորում աստիճանաբար ընդունեցին «ֆուրշետի» մշակույթը: Այս թեժ «պայքարի» ողջ ընթացքում իմ կողքին կանգնած էին ընտանիքիս անդամները, ընկերներս: Նրանք առաջին իսկ պահից հավատում էին իմ ուժերին, հուսադրում, թույլ չէին տալիս ընկճվել, թևաթափ լինել, օգնում էին ֆուրշետի նախապատրաստական աշխատանքներում, աջակցում ամեն հարցում: Այսպիսի քաջալերանքը շարունակվում է առ այսօր: Հաճախորդների հանդեպ բարեհամբույր վերաբերմունքը, նրանց ցանկություններն ու մտքերը իրականություն դարձնելու իմ կարողությունը նպաստեցին հավատարիմ հաճախորդների բանակի ստեղծմանը:
Արդյունքները գայթակղիչ են. բարի համբավ, հարգանք, գործընկերներ, հին ու բարի հաճախորդներ, ճանաչելիություն, որոնք սպասված և ցանկալի էին ինձ համար:
Միայնակ չափազանց դժվար է որևէ արդյունքի հասնել: Հաջողակների կողքին միշտ կանգնած են իմաստուն մարդիկ, ովքեր խրախուսում են և պատրաստակամ` օգնելու:
Անձնային աճին և, հետևաբար, բիզնեսի զարգացմանը նպաստեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ): Այստեղ ներգրավված մարդիկ համախմբվել են՝ մեր երազանքների իրականացմանը աջակից լինելու նպատակով: Մասնագիտական գիտելիքների համալրմամբ, ինչպես նաև ծրագրերի իրականացմամբ կառույցը սատարեց բազմաթիվ կին ձեռներեցներին այդ թվում և ինձ: Անձամբ իմ կյանքում ՀԵԿԱ-ն դարձավ այն կարևոր ազդակը, որ «դրդեց» ընդլայնել գործունեությանս ոլորտը և սկսել բոլորովին նոր գործունեություն: Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՀԵԿԱ-ն 2013թ.-ից իրականացնում էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս կանանց մասնակցել բիզնես դասընթացներին, ներկայացնել նոր հետաքրքիր բիզնես գաղափարներ և ստանալ դրամաշնորհ՝ այն կյանքի կոչելու համար:
Ես դարձա մեկը այն տասնյակներից, ովքեր մասնակցեցին բիզնես դասընթացներին և ստացան դրամաշնորհ: Այժմ ՀԵԿԱ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձեռնամուխ եմ եղել նոր բիզնեսի իրականացմանը՝ կիսաֆաբրիկատների արտադրություն:
Սկսնակ կին գործարարներին խորհուրդ կտամ. նախ և առաջ կրել գեղեցիկը ձեր հոգիներում, լինել համբերատար, լսել հաճախորդի կարծիքը, դրսևորել հանդուրժողականություն, հասնել փոխըմբռնման, լինել զիջող, հարմարվող և միշտ համառորեն պայքարող: