Բիզնեսի հաջողության բանաձևը.
Կամքի ուժ և համառություն
Նախկինում ունեի հագուստի վաճառակետ, որտեղ վաճառում էի Գյումրիից ներկրված հագուստ: Տեսնելով օրըստօրե աճող տեղական կարի պահանջակը՝ որոշեցի հիմնել կարի արտադրամաս մեր քաղաքում՝ Տաշիրում: Գնեցի մի քանի մեքենա և սկսեցի կարել անկողնային պարագաներ, մանկական հագուստ, գլխարկներ, շապիկներ: Հաջող աշխատանքային ընթացքը ինձ մղում էր գիշերուզօր աշխատելուն, ինչպես նաև նոր գաղափարներ կյանքի կոչելուն: Ցանկանում էի տարբերվել շուկայում առկա մրցակիցներից, ունենալ աշխատասեր և տոկուն թիմ՝ հաճախորդների պահանջմունքները բավարարելու համար Արդյունքում, երբ լսում ես հաճախորդի դրական արձագանքը, ոգևորվում ես, խանդավառվում թափված ջանքերի համար, որոնք գնահատվում են:
2015թ. ամռանը բարեկամուհուցս տեղեկացա Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի մասին, որը կազմակերպում է բազմաթիվ դասընթացներ՝ ուղղված մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Եվրոպական միության կողմից իրականացվող«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի առաջիկա դասընթացներին մասնակցելուց հետո, իմ մեջ նորից մտքերս ու գաղափարներս կյանքի կոչելու մեծ ուժ ու եռանդ արթնացավ:
Ներկայացրեցի իմ բիզնես ծրագիրն ու արժանացա դրամաշնորհի: Դրամաշնորհը ներդրել եմ արտադրության ընդլայնման՝ ձեռքբերելով նորագույն ու պահանջված սարքավորումներ:
Ինձ արժևորված եմ զգում, քանի որ արտադրում եմ անհրաժեշտ պարագաներ և կարողանում եմ լուծել մի քանի ընտանիքների սոցիալական խնդիրներ՝ ապահովելով ընտանիքի կանանց աշխատատեղերով: