Բիզնեսի հաջողության բանաձևը.
Ցուցաբերել աշխատասիրություն և նվիրվածություն ցանկացած գործում
Ես Անի Խաչատրյանն եմ, մասնագիտությամբ՝ բժիշկ դերմատոլոգ: Այժմ զբաղվում եմ սեփական բիզնեսով: Վանաձոր քաղաքում առաջինը ես էի, որ հիմնեցի մանկական սրճարան, և արդեն հինգերորդ տարին է՝ բիզնեսը շարունակում է զարգանալ և գրանցել նորանոր հաջողություններ:
Սրճարանում առկա են տարբեր ծառայություններ՝ ծննդյան, կնունքի, ատամհատիկի և այլ կորպորատիվ միջոցառումների կազմակերպում, մանկական ֆուրշետ-ձևավորման ծառայություն, ունենք բավականին մեծ մուլտհերոսների խումբ, որոնք պարբերաբար համալրվում են:
Բազմիցս մասնակցել եմ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպված մասնագիտական դասընթացների, ձեռներեցության վերաբերյալ տարբեր համաժողովների և քննարկումների, որոնք էլ ավելի են օգնում ինձ զարգացնել գիտելիքներս բիզնեսի բիզնեսի ճիշտ կառավարման գործում և գտնել նոր գործընկերներ: Նմանատիպ հանդիպումներն ինձ շատ էին ոգևորում, ցանկանում էի զարգացնել իմ բիզնեսը և էլ ավելի ամուր հիմքերի վրա կանգնել այս ոլորտում: Այդ ժամանակ տեղեկացա, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Եվրոպական միությանֆինանսավորմամբ իրականացնում է«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը և որոշեցի միանալ ծրագրին:
2015թ. մասնակցեցի ծրագրի՝ մեկ ամիս տևողությամբ բիզնես դասընթացներին, ներկայացրեցի բիզնես ծրագիր և այն հավանության արժանացավ:
Ծրագրի շնորհիվ, դրամաշնորհի արդյունքում, իմ գործող բիզնեսին կից, սրճարանի տարածքում, ավելացվել է թխվածքաբլիթների արտադրությունը, որն այնքան պահանջված էր: Մինչ այդ մենք թխվածքաբլիթները գնում էինք հիմնականում Երևանից, քանի որ Վանաձորում նմանատիպ արտադրանքի որակը բավականին զիջում էր երևանյան արտադրանքին: Առաջին սպառողները մեր սրճարանի մշտական հաճախորդներն են: Արտադրանքը իրացվում է նաև քաղաքային և մարզային շուկայում: Թխվածքաբլիթները կրեատիվ և թեմատիկ են: Պատվերներ ընդունում ենք հարսանեկան, մանկական, ծննդյան և կորպորատիվ միջոցառումների համար: Աշխատանքերը սկսելուց առաջ մեր մասնագետները, ՀԵԿԱ-ի միջնորդությամբ վերապատրաստվել են Երևանում: