ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Արմենուհի Աղաբաբյան

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ծրագրերից մեկի` «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ակտիվ շահառուներից է 48-ամյա Արմենուհի Աղաբաբյանը, ով ապրում և հողագործությամբ է զբաղվում Ախթալայում:
Արմենուհի Աղաբաբյանը Շամլուղում և Փոքր Այրումում գտնվող իր հողակտորներում աճեցնում է պտղատու ծառեր` խնձորենի, տանձենի, սալորենի, ընկուզենի, թթենի և այլն, ինչպես նաև բանջարեղենի ու հատապտուղների տարբեր տեսակներ:
Արմենուհի Աղաբաբյանի` hողագործության հանդեպ սերն ու հետաքրքրությունն առաջացել են դեռևս մանկության տարիներին.
-Հիշում եմ, երբ փոքր էի, սիրում էի հետևել, թե ինչպես են մեծահասակները, մասնավորապես պապիկս աշխատում այգում: Հայրս շատ հաճախ թույլ չէր տալիս, որ ես ինչ-որ բանով օգնեի իրենց, բայց ես, միևնույն է, կարտոֆիլ էի մշակում, մոլախոտերն էի հավաքում, ծաղիկներ էի աճեցնում: Ամենաշատը խոտհունձի արարողությունն էի սիրում, մշտապես ներկա էի և իմ մասնակցությունն էի ունենում,- պատմում է նա:
Արմենուհի Աղաբաբյանն առանձնահատուկ հաճույքով է խոսում իր սիրելի զբաղմունքներից մեկի` մեղվապահության մասին: Սկզբնական շրջանում քիչ մեղվաընտանիքներ են ունեցել, սակայն իր շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում դրանց թիվն ավելացել է` հասնելով 10-ի.
-Մեղուները մշտական ուշադրություն ու խնամք են պահանջում: Բազմաթիվ նրբություններ կան, որոնց հարկավոր է տիրապետել` մեղվաընտանիքները պահպանելու և ավելացնելու, որակյալ մեղր ստանալու համար: Համացանցից նյութեր եմ կարդում, խորհուրդներ եմ հարցնում այդ ոլորտում ավելի փորձառու մարդկանցից, մեղուներիս համար պատվիրում և այլ երկրից եմ բերում հակատզային դեղամիջոցները, փոխարինել եմ փեթակների շրջանակները նորերով... Շատ անելիքներ կան, բայց մեծ հաճույքով եմ անում այդ ողջ գործընթացը,- ասում է Արմենուհի Աղաբաբյանը:
Զինվորի մայր է. հպարտությամբ նշում է, որ իր որդին հայրենիքի հանդեպ պարտքն է կատարում ՀՀ զինված ուժերում: Արմենուհի Աղաբաբյանը մասնագիտությամբ մանկավարժ է. ռուսաց լեզու է դասավանդում Ախթալայի թիվ 1 դպրոցում` այն դպրոցում, որտեղ և ինքն է սովորել.
-21 տարեկանից սկսել եմ աշխատել իմ հարազատ դպրոցում: Օրվա մեծ մասն այնտեղ եմ անցկացնում` գործընկերներիս ու իմ սիրելի աշակերտների հետ: Երբեմն ընտանիքիս, իմ սիրելի զբաղմունքների համար շատ քիչ ժամանակ է մնում: Սակայն ինչպես և յուրաքանչյուր հայ կին, այնպես էլ ես` փորձում եմ ամեն ինչ հասցնել, համատեղել և ստանալ իմ ցանկացած գործունեության հնարավորինս լավագույն արդյունքը,- նշում է նա:
Իր այգիների բերք ու բարիքից պահածոներ, անուշահամ չրեր, թթու լավաշ ու շարոց է պատրաստում: Պատմում է, որ վերջին անգամ յուրահատուկ ձևով է պատրաստել շարոցի շփոթը. օգտագործել է տանձ ու խնձոր, որոնք հետաքրքիր համ ու բուրմունք են պարգևել շարոցին. «Հարկավոր է յուրաքանչյուր աշխատանքի ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել, այնպես անել, որ դրանից օգուտ քաղեն ու շահեն նաև ուրիշները»: Փորձում է ակտիվորեն ներգրավվել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի այլ ծրագրերում ու նախաձեռնություններում և իր գիտելիքների հարուստ պաշարն ու բազմաթիվ հմտությունները փոխանցել մյուսներին:
Ազատ ժամանակ զբաղվում է նաև ձեռագործությամբ` ասեղնագործությամբ, հելյունագործությամբ և շյուղագործությամբ.
-Այնպիսի բաներ եմ գործում, որոնք շատ են օգտագործվում կենցաղում, օրինակ` բռնիչներ: Տոնական օրերին դրանք գեղեցիկ փաթեթավորում եմ և նվիրում իմ հարևաններին, հարազատներին, ընկերուհիներին: Ուշադրության նման փոքրիկ դրսևորումներով փորձում եմ հաճելի անակնկալներ մատուցել և ուրախացնել իմ սիրելի մարդկանց,-ասում է Արմենուհի Աղաբաբյանը:
2014թ. ՀԵԿԱ-ի կողմից առաջադրվել և արժանացել է «Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս-2014» տիտղոսին, իսկ նույն թվականի ապրիլին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» շրջանակներում ՀԵԿԱ-ի կողմից արժանացել է դրամաշնորհի՝ «Գյուղատնտեսական մթերքների վերամշակում» գործարար ծրագրի իրականացման համար:
Այսպիսին է մեր հերոսուհին. չնայած իր բազմազբաղ ու հագեցած առօրյային` միշտ փնտրտուքի մեջ է, փորձում է ընդլայնել իր տնտեսությունը, կյանքի կոչել իր բազմաթիվ գաղափարները և սեփական լուման ներդնել ոչ միայն իր ընտանիքի, այլև հարազատ համայնքի բարօրության ու զարգացման գործում:
Share |