ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մեկնարկում է կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում

15/11/2015
Ս.թ. նոյեմբերի 16-22-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը (ՀՀ ԿՁՑ) կնշեն Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում, որը հանդիսանում է ս.թ. հունիսի 8-11-ը Երևանում կայացած Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շարունակությունը: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին: ՀԵԿԱ-ի ռազմավարական նպատակն է՝ բարձրացնել կանանց դերը Հայաստանի զարգացման գործում՝ խթանելով նրանց սոցիալ-տնտեսական և հասարակական ակտիվությունը:

ՀԵԿԱ-ի նախաձեռնությամբ 2011թ. ստեղծված ՀՀ կին ձեռներեցների ցանցը այսօր միավորում է ավելի քան 300 ձեռներեց կանանց ՀՀ տարբեր մարզերից: ՀԵԿԱ-ն FCEM-ի (Համաշխարհային կին ձեռներեցների ցանց) լիիրավ անդամ է՝ հնարավորություն ունենալով ներկայացնելու Հայաստանը համաշխարհային այդ հարթակում:

ՀԵԿԱ-ի և ՀՀ ԿՁՑ նախաձեռնությամբ կազմակերպվող Կանանց ձեռներեցության շաբաթվա շրջանակներում իրականացվելու են տարբեր միջոցառումներ: Այդ թվում, նոյեմբերի 19-ին կնշվի Կանանց ձեռներեցության միջազգային օրը: Կանանց ձեռներեցության միջազգային օրը (womenseday.org) համաշխարհային շարժում է, որը նշվում է 2014 թվականից և որին մասնակցում է շուրջ 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում: 2015 թվականից այս շարժմանն է միացել նաև Հայաստանը: ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ նախագահ Լիլիթ Ասատրյանը ընտրվել է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED-Հայաստան դեսպան, իսկ ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:

Կանանց ձեռներեցության շաբաթի նպատակն է՝ նպաստել Հայաստանում ձեռներեցության խթանմանն ու հզորացմանը՝ ՀՀ-ում ձեռներեցության գործունեության մասին առավել ընդգրկուն իրազեկման, կանանց ձեռներեցության զարգացմանը խոչընդոտող գործոնների դիտարկման և Հայաստանում գործող կին ձեռներեցների միջև նոր գործընկերության հաստատման միջոցով:

Նոյեմբերի 16-22-ի ընթացքում ՀԵԿԱ-ն նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, դրանց թվում՝ դասընթացներ, քննարկումներ, փորձի փոխանակման այցեր, «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով ֆոտոմրցույթ և ցուցահանդես:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում