ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Եվա Դալլաքյան

Բիզնեսի հաջողության բանաձևը.
Աշխատելով թերությունների վրա՝ ձգտել կատարելության

Հյուրատնային և օթևանային բիզնեսը շատ կարևոր դեր է խաղում երկրի զբոսաշրջության զարգացման գործում: Ապրելով Հայաստանի գողտրիկ վայրերից մեկում՝ Հաղպատում, ձեռնամուխ եմ եղել բիզնեսի այս ճյուղը զարգացնելու գործին:
Հյուրատունը գործում է 2014թ., այն անվանակոչել եմ ճիշտ իր բնությանը համապատասխան ՝ «Եդեմ»: Սկզբնական շրջանում դժվարությունները շատ էին, հիմա էլ կան, սակայն դրանք միայն ինձ ոգևորում և առաջ են մղում: Հայաստանում դժվար է բիզնես զարագացնել, առավել ևս, եթե այն գործում է մարզում: Սակայն գիտակցում եմ, որ յուրաքանչյուր դժվարության հաղթահարում մի նոր հաջողության սկիզբ է:
Երբ տեղեկացա Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Եվրոպական միության կողմից իրականացվող«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մասին, որոշեցի մասնակցել և զարգացնել մասնագիտական գիտելիքներս՝ բիզնեսի ոլորտում:
Ծրագրի դասընթացների մասնակցությունը շատ առավելություններ տվեց. տեղում ծանոթացա այլ բիզնեսներով զբաղվող կանանց հետ, որոնց հետ փորձի փոխանակումը տվեց ցանկալի արդյունք: Շատ ավելի խորությամբ ուսումնասիրեցի բիզնեսի զարգացման քաղաքականությունը, միտումներն ու հեռանկարները:
Ծրագրի շնորհիվ ներկայացրեցի նաև իմ բիզնեսի զարգացման պլանը, որը հավանության արժանացավ հանձնաժողովի կողմից, և ստացա դրամաշնորհ: Դրա շնորհիվ հիմա արդեն կարողանում եմ մեծաթիվ զբոսաշրջիկների հյուրընկալել: Հիմա արդեն, զբոսաշրջիկներին հյուրընկալելուց բացի, կազմակերպում եմ նաև արշավներ դեպի Հաղպատ, Սանահին, Ախթալա, Դսեվանք և տարածաշրջանի այլ տեսարժան վայրեր: Ունենք նաև հեծանիվներ, ցանկության դեպքում կազմակերպում ենք նաև հեծանվային արշավներ: Հյուրատանը կից ունեմ նաև հողատարածք, որտեղ աճեցնում եմ տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ և պատրաստում եմ հայկական ավանդական տարբեր ուտեստներ իմ հյուրերի համար: Առաջիկայում ցանկություն ունեմ հյուրատան ծառայությունների մեջ ներառել նաև վրանային քուն ծառայությունը, որը մեծ պահանջարկ ունի էքստրեմալ հանգիստ սիրող զբոսաշրջիկների շրջանում:
Share |