Երեկ "Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի" լիիրավ անդամ, թեկնածու եւ դիտորդ կազմակերպությունների ընդհանուր ժողովն էր: Օրակարգի քննարկումներից էին Հայաստանում հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Մտահոգություն հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ` ՀԵԱԽ նախագահ Արամ Սուքիասյանը իր ելույթում ընդգծեց, որ մարտի մեկի դեպքերի պատճառներից էր նաեւ անհաջող քարոզչությունը, որի մեղքի բաժինը ընկած էր ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների, ե՛ւ իշխանական թեւի վրա: Անդրադառնալով ԶԼՄ-ների տարածած հայտարարություններին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչությունը իրականացվում էր հասարակության մեջ ատելություն սերմանելու կոչերով, Սուքիասյանը չխուսափեց անդրադառնալ նաեւ "Հայլուր"-ին, վերջինիս խոսքերով. "Ոչ պակաս ատելություն սերմանող, որը անաչառ չէր, եւ արդյոք սա չէ՞ր պատճառը, որ գրգռեց մարդկանց, որոնց` միտինգավորներին, անվանում էին բոմժեր, մոլորվածներ": Ըստ Սուքիասյանի` երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը, երկխոսություն ծավալելու մեջ է, "ոչ ուշ, մինչեւ ապրիլի 9":
"ՀՅԴ Նիկոլ Աղբալյան" երիտասարդական թեւի ատենապետ Վահե Սարգսյանն իր խոսքում նույնպես նշեց, որ ստեղծված իրադրության պատճառներից էր երկխոսության բացակայությունը. "Եվ ոչ ոք քաջություն չունեցավ ստեղծելու այն... սա փորձ էր համախմբելու երիտասարդներին, մեղքի բաժինը ունի նաեւ երիտասարդությունը":
ՀՀԿ երիտասարդական թեւից Էդգար Հովհաննիսյանը իր հերթին ասաց, որ համաժողովի գումարումը ստեղծված իրավիճակի համար տեղին է, եւ հավելեց, որ ինքը այնքան էլ համամիտ չէ այն տեսակետին, որ ապագան երիտասարդությանն է, քանի որ իր իսկ խոսքերով. "Երիտասարդությանն է նաեւ ներկան, եւ մենք չենք կարող անտարբեր լինել քաղաքական գործընթացներին: Երկար ժամանակ նման երիտասարդական համաժողով տեղի չի ունեցել, որտեղ հնարավոր կլիներ հնչեցնել կարծիքներ, թե տարբեր երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ինչպես են մտածում: Կողջունեի` նման համաժողովներ շատ լինեին, որպեսզի քննարկվեին այնպիսի մեխանիզմներ, որոնց առջեւ մեր հասարակությունն ու երիտասարդությունն են կանգնած":
Լիլիթ Ասատրյան` "Երիտասարդ կականց ասոցիացիայի" նախագահ. "... Մեղավոր կնոջ վրա սկսում են քարեր նետել եւ Քրիստոսի պատասխանը. "Թող քար նետի նա, ով անմեղ է": Նման օրինակ ունենք այսօր մեր երկրում, բոլորս ենք մեղավոր` ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Երկիրը պետք է ճգնաժամից դուրս բերել: Երկրում կա անհանդուրժողականության խնդիր":
Վերջում ՀԵԱԽ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, իշխանությանը, ընդդիմությանը, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, սփյուռքին եւ ողջ երիտասարդությանը` անթույլատրելի համարեցին ամեն մի ոտնձգություն, որը կխաթարի քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, ստահոդ, սադրիչ, ապակայունացնող եւ հերյուրանք պարունակող զազրախոսությունները, ինչպես նաեւ ԶԼՄ-ների միակողմանի դիրքորոշմամբ տեղեկատվությունը, ազգային եւ պետական շահի ստորադասումը անձնական, ներխմբային կամ կուսակցական շահից, միջազգային ատյաններում երկրի վարկաբեկելուն միտված փորձերը, ազգի բարոյական ոգին ջլատող երեւույթները: Քաղաքական եւ պետական գործիչներից ակնկալում եւ պահանջում են ճգնաժամի լուծմանն ուղղված փոխադարձ հանդուրժողականություն, ազգի նկարագրին հարիր եւ պատմության բազմաթիվ դասերից հետեւություն անելու խոհեմություն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի անվտանգության ապահովմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկում:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն