Women Entrepreneurs Network in Armenia

Մի քանի մարզերում կանցկացվի «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը

28/06/2012
tert.am
Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում կմեկնարկի «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի իրականացման համար միավորվել են միանգամից մի քանի կազմակերպություններ՝ «Հայկական կարմիր խաչ», «Օքսֆամ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և «Սեյվ դը չիլդրեն»:
Այդ առիթով այսօր կազմակերպվել էր քննարկում, որին ներկա էին, ոչ միայն վերոնշյալ կազմակերպության, այլ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը իր ելույթում նշեց, որ իրենք արել են որոշակի աշխատանքներ և այս հարցին հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ՀՀ կառավարությունը:
«Փա՛ռք ու պատիվ բոլոր միջազգային կառույցներին՝ այս ծրագիրը խորացնելու և իրականացնելու համար: Կառավարության որոշման մեջ ասված է, որ ռիսկերի նվազեցումը չի կարող լինել որևէ կառույցի մենաշնորհը, դա պահանջում է գլոբալ մոտեցում: Տարածաշրջանում բոլոր երկրները հիմնականում ունեն այս խնդիրը: Հայաստանն անմասն չէ»,- ասաց նա։
Ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության աղետներին նախապատրաստման ծրագրի կողմից:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ ծրագրի շրջանակներում պետք է անել ամեն ինչ, որպեսզի դպրոցները աղետակայուն լինեն:
«Երեխաներին ծրագրում ներգրավելու կարևորությունը շատ մեծ է: Դպրոցները առանցքային նշանակություն ունեն և աղետից պաշտպանվելու թեմաների ընդգրկումը դպրոցներում կնախապատրաստի երեխաներին և կնվազեցնի ռիսկերը: Անվտանգության մշակույթը պետք է դառնա երեխաների կյանքի անբաժան մասը սկսած մանկապարտեզից»,- ասաց նա:
Ծրագրի գործողություններն իրականացվելու են երեք հիմնական ուղղություններով: Դրանցից մեկը տեղական համայնքների ամրապնդումն է՝ աղետների ռիսկի նվազեցման առումով բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման ուղղությամբ:
Հաջորդ քայլը՝ աղետներին հակված շրջաններում երեխաների ու դպրոցների կարողությունների զարգացում՝ ավելի լավ նախապատրաստվելու համար:
Եվ վերջապես երրորդ քայլը՝ արտակարգ իրավիճակների ու աղետների ժամանակ բարձր նախապատրաստվածության ու դրանց արձագանքելու նպատակով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցությունն է տեղական և միջազգային կառույցների հետ:
Աղբյուր
Share |

Read in this section