Women Entrepreneurs Network in Armenia

Եվրամիության ծրագիրը նոր շունչ կհաղորդի Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի մշակութային ժառանգությանը

27/10/2012
armenpress.am
Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում ֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով» ծրագիրը կնպաստի ավանդական մշակութային ժառանգության` մասնավորապես թանգարանային ոլորտի զարգացմանը Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը հայտնեց, որ տարեսկզբին մեկնարկած ծրագրի շրջանակներում նախատեսվում է նոյեմբերին կազմակերպել եռօրյա երկու դասընթաց տեղական հասարակական կազմակերպությունների, թանգարանների, ստեղծագործող նախաձեռնողական խմբերի եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար: «Ծրագրի նպատակն է առաջին հերթին նպաստել թանգարանային ոլորտում նորարարական ծրագրերի խրախուսմանը: Աշխարհում կան բազմաթիվ փորձեր, երբ թանգարանը ընկալվում է ոչ թե որպես ստատիկ տարածք, այլ շատ լավ հարթակ ոչ ֆորմալ կրթության համար»,- ասաց Ասատրյանը: Նրա խոսքով` ծրագիրը կխթանի նաեւ թանգարանների եւ հասարակական կազմակերպությունների առավել ակտիվ համագործակցությանը: «Սա ոչ միայն հնարավորություն է գտնելու նոր համագործակցության եզրեր, այլեւ խթան զբոսաշրջային ընկերությունների փորձի փոխանակման, հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու համար»,- ասաց հասարակական կազմակերպության նախագահը:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն համագործակցության զարգացմանն ուղղված դասընթացներ, ստեղծագործական վարպետության դասընթացներ, ինչպես նաեւ դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների եւ թանգարանների համատեղ ծրագրերի իրականացման համար: Հասարակական կազմակերպության եւ թանգարանի համագործակցության մեկ ծրագրի իրականացման համար կտրամադրվի 2-10 հազար եվրոյին համերժեք ՀՀ դրամ: Ծրագրի համար ընդհանուր սահմանված է 70 հազար եվրո, որը հավասարապես կբաշխվի երեք երկրների միջեւ: «Ծրագիրը մեկնարկել է այս տարի միաժամանակ երեք երկրներում, ուր մշակութային իրավիճակը նման է: Մշակութային իրավիճակն այնպիսին, է որ կան թանգարաններ, որոնք տուրիստական կենտրոններ են համարվում, եւ այնտեղ ամեն ինչ լավ է, մինչդեռ մենք պետք է փորձենք անել այնպես, որ թանգարանները պետքական դառնան հնարավորինս շատ թվով մարդկանց, երիտասարդներին»,-ասաց Ուկրաինայի «Տոտեմ» կազմակերպության նախագահ Ալյոնա Աֆանասեւան: Նա տեղեկացրեց, որ Ուկրաինայում թանգարաններում աշխատակիցների կրճատման, պետական ֆինանսավորման կրճատման միտում կա, և տարածաշրջանային թանգարանները ունեն «փրկության» կարիք:

«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով» ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի սկզբին եւ երեք երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագիրը կավարտվի 2013 թվականի դեկտեմբերին:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section