Women Entrepreneurs Network in Armenia

Գյուղմթերքների վերամշակման վերաբերյալ դասընթացներ Նիզամիում և Փոքր Վեդիում

23/07/2013
link

View all photos >>

2013թ. մայիսի 13-ին Արարատի մարզի Նիզամի համայնքում և մայիսի 16-ին Փոքր Վեդիում տեղի ունեցան «Գյուղմթերքների վերամշակման գործընթաց» թեմայով հերթական դասընթացները, որոնք կազմակերպվել էին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացող «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում:
Դասընթացներին, որոնք վարում էր ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ Վերա Զաքարյանը, մասնակցեցին Նիզամիի գյուղատնտեսական ասոցիացիային կից «Լուսաբեր» կանանց կոմիտեի (կոոպերատիվ) ներկայացուցիչները և Փոքր Վեդիի «Խոր Վիրապ գյուղատնտեսական ասոցիացիա» Սպառողական Կոոպերատիվի անդամ կին չրագործներ և ֆերմերներ:
Դասընթացների շրջանակներում քննարկվեցին հետևյալ թեմաները.
1. Ավանդական չիրն ու չարազը հայոց կենցաղում,
2. չրանոցային տնտեսություն,
3. կորիզավոր և ընդավոր պտուղների չորացում,
4. բանջարանոցային մշակաբույսերի չորացում,
5. սննդի անվտանգության պահպանումը չրերի արտադրության ժամանակ,
6. չրերի պահպանումը,
7. շուկայավարություն
Սննդի մեջ չրերի օգտագործման, չրերով պատրաստվող կերակրատեսակների վերաբերյալ քննարկման շրջանակներում դասընթացավարի կողմից տրվեցին մի քանի բաղադրատոմսեր, կազմակերպվեց լոլիկի չրով պատրաստված աղցանի համտես:
Փոքր Վեդիում մասնակիցները բերել էին իրենց պատրաստած չրերի նմուշներ, ինչը հնարավորություն տվեց տեղում քննարկելու դրանց համային և որակական առանձնահատկությունների, փաթեթավորման ապրանքային տեսքի հետ կապված մի շարք հարցեր:


2012թ. մարտից մինչև 2013թ. մայիսը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում, իրականացնում էր «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված էր Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար։
Ծրագրի նպատակն էր` խրախուսել նշված համայնքների կին գյուղատնտեսներին ու հզորացնել նրանց կարողությունները։ Ծրագիրն ուղղված էր ոլորտում գործող կողմերի (արտադրող-վերամշակող-ֆինանսական կազմակերպություններ) միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորմանը։
Ծրագրի իրականացման ընթացքում շահառուների համար կազմակերպվել են նպատակային ուսուցողական դասընթացներ, խորհրդատվությունններ, որոնք նպաստել են մասնակիցների գիտելիքների և ունակությունների զարգացմանը գյուղատնտեսության ոլորտում։
Share |

Read in this section