Women Entrepreneurs Network in Armenia

Երբ տղամարդիկ ստորագրում են, որ կանայք հզորանան / վիդեո

03/08/2013
   
womennet.am
Հուշագրի տակ, որը պիտի նպաստի Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, դրվեց 13 տղամարդու և ընդամենը մեկ կնոջ ստորագրություն: Այդ կինն էլ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահն է, – հաղորդում է Ա1 պլյուս կայքի թղթակիցը, ով ներկա է գտնվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի սկիզբը ազդարարող հուշագրի ստորագրմանը: Հուշագիրը ստորագրեցին օգոստոսի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի ութ քաղաքապետերը և չորս ամենամեծ գյուղերի ղեկավարները:

Ծրագիրը իրականացվելու է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ CISP կազմակերպության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ:

Լոռու մարզի 113 համայնքներից վեցի ղեկավարը կին է: Նրանց ղեկավարած գյուղերը համեմատաբար փոքր են: Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը ուրախ կլինի, որ իր ղեկավարած համայնքում կանայք հասարակական ակտիվություն ցուցաբերեն: Մանավանդ որ արտագաղթի հետեւանքով գյուղում մնացել են հիմնականում կանայք: Այս գյուղի դպրոցում ուսուցչական մեծամասնությունը կին է, սակայն տնօրենը տղամարդ է: Պարոն Սահակյանի կարծիքով՝ գյուղական համայնքներում կանանց հասարակական-քաղաքական պասիվությունը մեր ազգային մենթալիտետից է գալիս, երբ կանայք ավելի ընտանեկան հոգսերով են զբաղված:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն այլ տեսակետ ունի. կանայք ՀՀ-ում ավելի քիչ են պաշտոններ զբաղեցնում, քանի որ տնտեսապես անկախ չեն:

Այս ծրագրով լոռեցի կանանց համար կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, ինչպես նաև տրամադրվելու է ֆինանսական աջակցություն ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

Լիլիթ Ասատրյանն ասում է, որ ծրագրեր կարող են ներկայացնել ոչ միայն հուշագիրը ստորագրած համայնքների կանայք: Հավանության կարժանան հատկապես արդյունաբերական ծրագրերը:

ԵՄ այս եռամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 768.357,95 եվրո է: Ծրագրի տևողությունն է 3 տարի` 2013թ. մայիսից մինչև 2016թ. մայիսը:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section