Women Entrepreneurs Network in Armenia

ՀՀ—ում գործարար կանայք մեծ ներուժ ունեն

09/06/2015
Միջազգային համաժողով՝ նվիրված կանանց ձեռներեցությանը

Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման խնդիրը գտնվում է միջազգային կառույցների ուշադրության ներքո։ Երեւանում անցկացվող կանանց ձեռներեցության միջազգային համաժողովին ներկա էին Հայաստանում գործունեություն ծավալող գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցչները, ովքեր տարբեր տեսանկյուններից անդրադարձան կանանց ձեռներեցության հարցին։
Հայաստանի տնտեսության զարգացման մեջ մեծ է կին ձեռներեցների դերը, ովքեր ընտանիքից զատ, կարողանում են հաջողություններ գրանցել բիզնեսի ոլորտում, նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Վերջին անգամ նման համաժողով անցկացվել է մոտավորապես 10 տարի առաջ, եւ կարեւոր է, որ այսօր եւս կազմակերպվել է կանանց ձեռներեցությանը նվիրված քննարկում։ Կինը բիզնեսում ավելի պատասխանատու է եւ նորարար, իսկ այս հատկանիշներն այսօր պակասում են մեր պետությունում։ Հետեւաբար կարեւոր է, որ կանայք կարողանան սկսել սեփական բիզնեսը եւ իրագործեն իրենց գաղափարները»,— ասաց ԱԺ փոխնախագահը։ Նա նշեց, որ Հայաստանում բիզնես միջավայրը դեռեւս այնքան էլ նպաստավոր չէ կին գործարարների համար, սակայն տարեցտարի այդ հարցը կարգավորվում է։
«Շատ դժվար է ասել, թե այսօր Հայաստանում քանի կին ձեռներեց կա, որովհետեւ մենք ունենք նաեւ դեպքեր, երբ ձեռներեցությունը ձեւակերպված է ամուսնու անունով, բայց կինն է զբաղվում»,—լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ երեկ մեկնարկած կանանց ձեռներեցության երեւանյան շաբաթի համաժողովի ժամանակ։
«Կանանց պասիվությունը գալիս է պատմականորեն, այնպես չէ, որ Հայաստանում կանայք դարեր շարունակ զբաղվել են գործարարությամբ եւ հիմա դադարել են։ Պետք է ողջունել, որ կանայք բիզնեսով հիմա ավելի շատ են զբաղվում, քան տասը կամ քսան տարի առաջ»,—ասաց Վ. Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ կանանց ձեռներեցությունը առնվազն կրկնապատկելու տեղ ունենք։
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովն անցկացվում է կին ձեռներեցների երեւանյան շաբաթվա ընթացքում, որի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան է։ Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքով, Հայաստանի կին ձեռներեցներն ունեն գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ, սակայն նրանց փոքր—ինչ պետք է խթանել։ «Հայաստանում անհրաժեշտություն կա ստեղծելու մի ձեւաչափ, որում կանանց ձեռներեցությամբ շահագրգռված կողմերը հնարավորություն ունենան երկխոսել։ Կարծում եմ, հենց այս համաժողովը լավ հարթակ է կին ձեռներեցների խնդիրները լսելու, առաջարկություններ ներկայացնելու, պետական կառույցների հետ նրանց երկխոսելու հնարավորություն ստեղծելու համար»,— ընդգծեց Ասատրյանը։
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ—ի տնօրեն Գեղամ Պետրոսյանն էլ հայտնեց, որ հիմնադրամի տրամադրած աջակցության ավելի քան 40 տոկոսը ստանում են կին գործարարները։ «Նման մոտեցումը լինելու է շարունակական, եւ ներդրվելու են աջակցության ծրագրեր կին գործարարների համար։ Մյուս կողմից՝ կանանց ձեռներեցության խրախուսման համար իրականացվում է մրցանակաբաշխություն, եւ արդեն 45 կին արժանացել են խրախուսական պարգեւների»,— ասաց նա։
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը շեշտեց, որ ՎԶԵԲ—ը շահագրգիռ է աշխատել հայաստանի կին գործարարների հետ, որովհետեւ վստահ է, որ կանանց վարկային ռիսկերն ավելի հիմնավոր են։ «Կցանկանայինք Հայաստանում տեսնել զարգացած կին գործարարների, ովքեր չէին վախենա նորարար գործարարությամբ զբաղվելու։ Սակայն այսօր քիչ են մեզ դիմող կանայք։ ՎԶԵԲ—ը բիզնեսի կապիտալի մեջ ներդրում կատարող ֆինանսական կազմակերպություն է, եւ մեզ պետք են հետաքրքիր բիզնեսներ։ Բայց կա մի խնդիր։ Եթե գործարարը ցանկանում է ՎԶԵԲ—ից ստանալ օժանդակություն, ապա նրա բիզնեսի ներդրումները պետք է գերազանցեն 1 մլն դոլարը։ Կին գործարարները հաճախ չեն կարողնում ապահովել այդ սահմանաչափը։ Այդ նպատակով ցանկություն ունենք Հայաստանի համար ստեղծել մասնավոր կապիտալի ֆոնդ եւ ընդլայնել բիզնեսին աջակցությունը»,— ասաց Մարկ Դեւիսը։
Եվրամիության գործակցության բաժնի ղեկավար Հոա—Բին Աջեմյանն էլ ընդգծեց, որ ԵՄ—ն առաջին դոնորն է Հայաստանում իր ներդրումների ծավալով։ «Կարելի է ասել, որ ամեն շաբաթ 1 մլն եվրոյի ներդրում է իրականացվում Հայաստանում։ Մենք մեծ տեղ ենք տալիս կանանց ներգրավվածությանը բիզնեսում։ Հայաստանում հատկապես կարեւոր է մարզերում կանանց ներգրավվածությունը, քանի որ այնտեղ տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի են լինում»,— ասաց Աջեմյանը եւ ընդգծեց, որ Եվրամիությունն աջակցել եւ աջակցելու է կին ձեռներեցներին։
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը համաժողովի ընթացքում առանձնացրեց կանանց դերը տնտեսության զարգացման գործում։ «Հայաստանում կին գործարարների համար չկան այն նույն խնդիրները, որ առկա են ասիական երկրներում, սակայն զարգացման մակարդակն էլ դեռեւս բավարար չէ։ Ուրախ կլինենք, որ հենց կանայք մեզ դիմեն եւ առաջարկներ անեն, որ մենք էլ կողմնորոշվենք՝ ինչպես աջակցել իրենց»,— ասաց Դոլը։
Համաժողովում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանում ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։ Նա ներկայացրեց Միացյալ Նահանգներում կին ձեռներեցներին տվող արտոնությունների եւ հնարավորությունների մասին եւ ընդգծեց, որ Հայաստանում եւս պետք է հավասար պայմաններ ստեղծվեն կանանց ձեռներեցության համար։ «ԱՄՆ—ում բավականին մեծ է կանանց ներգրավվածությունը բիզնես միջավայրում։ Այս տարի, օրինակ, նորաստեղծ բիզնեսների կեսից ավելին պատկանում են կանանց։ Տարբեր ուսումնասիրությունների համաձայն, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներն ավելի գրավիչ են ներդրումների տեսանկյունից»,–ընդգծեց նա։ ԱՄՆ–ի դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանում եւս տարիների ընթացքում կձեւավորվի կանանց բիզնես համայնք։
Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվող կանայք շատ մեծ պոտենցիալ ունեն գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մարի Քրիստին Օղլին։
Նրա խոսքերով՝ այն խնդիրները, որոնց կանայք հանդիպում են Հայաստանում իրենց բիզնեսը սկսելու համար, առկա է նաեւ Եվրոպայում։
Անդրադառնալով համագործակցության ոլորտներին՝ նա նշեց, որ համագործակցություն տեսնում է հիմնականում էներգադաշտում, մշակույթի ոլորտում։
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ կին ձեռներեցների ցանցի անդամ Իրինա Իսրայելյանը, ով Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հյուրատան ձեռներեցությամբ է զբաղվում, նշեց, որ իր բիզնեսի զարգացման համար ուշադրությունը շատ մեծ էր քեմփինգի նկատմամբ՝ շեշտելով, որ «Եվրոպան նախընտրում է բնության հետ առնչվելը»։
Գործարար միջավայրում հաջողության հասնելու համար կին ձեռներեցները պետք է մտածեն ապագային ուղղված գործունեություն ծավալելու մասին։ Այս կարծիքին է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը։
Զոնաբենդը համաժողովի մասնակցող կին գործարարներին խորհուրդ տվեց զարգացնել ձեռներեցության ոգին, լինել կարեկցող ու հավատալ իրենց սկսած գործին։ «Ուզում եք հաջողության հասնել, պետք է հավատաք այն ամենին, ինչ նախաձեռնել եք։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է խստապահանջություն եւ հավասարակշռվածություն։ Եթե բիզնեսն ուղղված է ապագային, ապա պետք չէ մոռանալ երիտասարդների մասին, որոնց համար ձեր նախաձեռնությունը պետք է հետաքրքիր լինի։ Եվ ամենակարեւորը՝ ցանկացած գործ պետք է կատարել սիրով, որովհետեւ միայն այդպես կարելի է հասնել այն ամենին, ինչին չեն կարողանում հասնել մյուսները»,— ասաց IDeA հիմնադրամի համահիմնադիրը։

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section