Women Entrepreneurs Network in Armenia

Նոր զարգացման հեռանկարներ կանանց համար

18/06/2015
Այսօր Կանանց ձեռներեցության երեւանյան շաբաթվա շրջանակում անցկացվեց կին ձեռներեցների միջազգային համաժողովը:
Այն տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Նոր զարգացումների հեռանկար» խորագիրը կրող համաժողովին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Վրաստանից եւ այլն, ինչպես նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից՝ Եվրամիություն, Արժույթի միջազգային հիմնադրամ, ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման հիմնադրամ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն եւ այլն:

Բացման խոսքում համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի , ՀՀ կին ձեռներեցների ցանցի, ՀՀ հանրային խորհրդի անդամ Լիլիթ Ասատրյանն անդրադարձավ Հայաստանում կանանց ձեռներեցության հիմնական խնդիրներին, կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանն ու նրանց դերի բարձրացմանը, ինչպես նաեւ իրենց կողմից իրականացվող ծրագրերին:

Լիլիթ Ասատրյանն առանձնացրեց այն հիմնական խնդիրները, որոնք առկա են հայաստանյան կանանց ձեռներեցության ոլորտում:

«Հայաստանում կանանց ձեռներեցության հիմնական խնդիրներն են՝ կանանց ցածր ներգրավվածությունը քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական գործընթացներում, կանանց համար բիզնես սկսելու կամ զարգացնելու համար վարկային կամ ֆինանսական միջոցների դժվար հասանելիությունը, կին ձեռներեցների համար կրթական ծրագրերի ոչ համակարգվածությունը, կանանց համար նախատեսված բիզնես ինկուբատորների բացակայությունը, կանանց ձեռներեցության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների սակավ եւ թույլ լինելը»,- նշեց Լիլիթ Ասատրյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլզը եւ հայաստանյան ու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում կանանց դերը եւ խրախուսում է նրանց. «Վստահ եմ, որ այս միջոցառումը շատ մեծ խթան եւ լավագույն օրինակ կլինի այն կանանց համար, ովքեր դեռեւս նոր են սկսում զբաղվել ձեռներեցությամբ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ գործարար կանայք հիմնականում զբաղվում են փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ, եւ բոլոր կին գործարարները, ովքեր ցանկություն կունենան ավելի խորացնել իրենց բիզնեսը, ովքեր կցանկանան գործարարությամբ զբաղվել, պետության կողմից աջակցություն կլինի»։

Համաժողովի ընթացքում զեկույցների միջոցով անդրադարձ կատարվեց «Կանայք, աշխատանքը եւ տնտեսությունը», «Մակրոտնտեսական ձեռքբերումներ գենդերային հավասարության տեսանկյունից», «Կանանց ձեռներեցության անհրաժեշտությունը եւ դրա ազգային ու միջազգային մակարդակներում», «Ցանցերի դերը ազգային եւ միջազգային մակարդակներում կանանց ձեռներեցության զարգացման գործում: Հնարավորությունները եւ պատասխանատվությունները», «Կանանց ձեռներեցություն. գրավչություն գտնելու արվեստ» թեմաներին:

Նշենք, որ հունիսի 8-ից 11-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության երեւանյան շաբաթ, որը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ ՀՀ կին ձեռներեցների ցանցը:

Շաբաթը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո, որի անդամ են նաեւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ու ՀՀ կին ձեռներեցների ցանցը:

Հավելենք, որ Կանանց ձեռներեցության երեւանյան շաբաթվա ընթացքում տեղի կունենան կանանց կողմից արտադրված ապրանքների ցուցահանդես-վաճառք, գեղանկարների ցուցահանդես «բիզնես բիզնեսի համար» ձեւաչափով, այցելություն Երեւանի պետական համալսարան, որտեղ ուսանողներին կներկայացվեն կանանց ձեռներեցության հիմնահարցերը, կլինեն նաեւ այցելություններ կանանց կողմից հիմնադրված կամ կառավարվող ձեռնարկություններ, կիրականացվի «Կանանց ձեռներեցության դեսպան-2015» մրցանակաբաշխությունը:

ԱՂԲՅՈՒՐ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Share |

Read in this section