Women Entrepreneurs Network in Armenia

Լաուրա Քոչարյան

 
Լուարա Քոչարյանը ծնվել է 1953թ. օգոստոսի 15-ին, ՀՀ Արարատի մարզի Նիզամի գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի բժշկական ուսումնարանում և ավարտելուց հետո 1973-1986թթ. աշխատել Երևանի թիվ 3 պոլիկլինիկայում: Տասներեք տարի ապրելով Երևանում՝ տիկին Լաուրան 1988թ. վերադարձել է հայրենի գյուղ և սկսել աշխատել գյուղի բուժկետում: Արդեն 26 տարի է, ինչ ընտանեկան բուժքույր է, և հոգ է տանում համագյուղացիների առողջության պահպանման մասին:
Լաուրա Քոչարյանն առողջ և էկոլոգիապես մաքուր սննդի կողմնակից է, ահա թե ինչու շուրջ 24 տարի զբաղվում Է անասնապահությամբ ու հողագործությամբ: Աճեցնում է բանջարաբոստանային մշակաբույսերի բազմաթիվ տեսակներ, զբաղվում չորացրած կանաչիների և բանջարեղենի էկոարտադրությամբ: Նիզամիում հողագործությամբ զբաղվելը ծանր աշխատանք է, քանի որ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր: Սակայն տիկին Լաուրան չի հուսահատվում և հավատացած է, որ մի օր գյուղի վիճակն ավելի կբարելավվի:
Լաուրա Քոչարյանը նաև կանանց գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ է. գլխավորում է 5 հոգուց բաղկացած կանանց խումբ: Ներկայումս խմբի հիմնական նպատակն է` ընդլայնել իրենց գործունեությունը, ներգրավել նաև հարևան համայնքներին և ձեռք բերել կայուն դիրք շուկայում:
Ունենալով մեծ փորձառություն, գիտելիքների և հմտությունների հսկայական պաշար՝ տիկին Լաուրան հաճույքով մասնակցում է դասընթացների, մի շարք վկայագրերի ու պատվոգրերի է արժանացել, երբեք չի զլանում իր գիտելիքներն ու փորձը փոխանցել ուրիշներին: 2012թ. մասնակցելով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից իրականացվող «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրին` դարձել է ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ և ճանաչվել ՀՀ Կին ձեռներեց դեսպան: 2013թ. ՀԵԿԱ-ի կողմից արժանացել է նաև «Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս» կոչման:
Լաուրա Քոչարյանն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է իր ընտանիքը: Նա հավատացած է, որ կանայք համախմբվելով ունակ են բարելավելու ինչպես իրենց ընտանիքների, այնպես էլ համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը:
Share |