ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Լիլիթ Ասատրյան

Լիլիթ Ասատրյանը "Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա" հասարակական կազմակերպության հիմնադիրն է ու նախագահը:

Լիլիթ Ասատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Երիտասարդության ոլորտում ակտիվ գործունեությունն սկսել է դեռևս դպրոցական տարիներից:

Բացի քաղաքացիական հասարակությունում մասնակցություն ունենալուց` նա փորձառություն ունի աշխատելու նաև պետական համակարգում:

2003-2005թթ. Լիլիթ Ասատրյանը հանդիսացել է ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարը և պատասխանատու է եղել երիտասարդության հարցերի մասով:

2005-2007թթ. նա աշխատել է "Հայաստան" համահայկական հիմնադրամում, որպես գործադիր տնօրենի խորհրդական երիտասարդության հարցերով:

Միևնույն ժամանակ, 2006-2007թթ. նա հանդիսացել է "Նոր հայացք" երիտասարդական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

2009թ. մարտից ի վեր Լիլիթ Ասատրյանը ՀՀ Հանրային Խորհրդի անդամ է:

2008թ. սեպտեմբերից ի վեր Հայաստանի "Կին առաջնորդ" ֆորումի կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան" ծրագրի Շահառուների խորհրդի անդամ է:

2007թ.-ից ի վեր "Coyote" եվրոպական երիտասարդական ամսագրի խմբագրական կազմի անդամ է:

2004թ.-ից ի վեր Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ է:

2004թ.-ից ի վեր Լիլիթ Ասատրյանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի (CDEJ) հայաստանյան ներկայացուցիչը:

Լիլիթ Ասատրյանը երիտասարդության հարցերի փորձագետ է ազգային և եվրոպական մակարդակներում:

Լիլիթ Ասատրյանն իր գործունեության ընթացքում, երիտասարդության ոլորտում կատարած ներդրման համար, ի թիվս բազում պարգևների, պարգևատրվել է ՀՀ Վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի (2001թ.), ՀՀ Վարչապետի (2003թ.) կողմից, Հայաստանի Ֆրիտյոֆ ‎ Նանսենի հիմնադրամի կողմից արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալի (2007թ.):
Share |