ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կանանց ձեռներեցության շաբաթ՝ Երևանում

19/06/2015
Հունիսի 8 -11-ը Երևանում ընթանում է կանանց ձեռներեցության շաբաթը: Երևանյան շաբաթը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությամբ և Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո: Այն համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Կանանց ձեռներեցության շաբաթվա շրջանակներում կազմակերպվել է նաև «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, որը տեղի ունեցավ հունիսի 8-ին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն իր ելույթում ընդգծեց ԵՄ պատրաստակամությունը սատարելու Հայաստանին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: «ԵՄ-ն Հայաստանի թիվ մեկ դոնորն է, որը սատարում է Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին, մասնավորապես կանանց: ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում զգայուն տեղ է գրավում գենդերային հարցը, որովհետև մեր ընդհանուր արժեքներից մեկը հենց հավասարությունն է: ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ընթացիկ շատ ծրագրեր ունի, որոնք կապված են Հայաստանում կանանց իրավունքների հետ»: Համաժողովի նպատակն է ներկայացնել տարբեր երկրների կին ձեռներեցների հաջողված պատմությունները, կիսել նրանց մտքերը և փորձը, որպեսզի տեղացի և արտասահմանցի կանանց միջև ստեղծվի ապագա համագործակցության համար ամուր հիմք: Այն նաև շատ լավ հնարավորություն է ստեղծելու կապեր այն կանանց հետ, ովքեր կարող են ապագայում դառնալ գործընկեր, գտնել Հայաստանում ներդրումների ոլորտներ, լայնացնել ձեռներեց կանանց ցանցը՝ հասցնելու այն միջազգային մակարդակի: Հիմնական ներդրումային ոլորտներից են կրթությունը, մշակույթը, էներգետիկան, տուրիզմը, ՏՏ ոլորտը, հանքերի, քիմիական և այլ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը:
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են.
- նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը,
- նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը,
- փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Համաժողովը միտված է նաև բացահայտլու ձեռներեցության ոլորտում առկա մարտահրավերները և աջակցելու կանանց ձեռներեցության համայնքներին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակի վրա: Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի անդամները, այլ ցանցերի ներկայացուցիչները, աշխարհի տարբեր երկրների կին ձեռներեցները, ներկայացուցիչներ ֆինանսական, միջազգային, հանրային հատվածներից, ԶԼՄ-ներից ևս հրավիրվել էին մասնակցելու համաժողովին:
«Մեր նպատակն է ընդգծել կանանց ձեռներեցության կարևորությունը մեր երկրում, ինչպես նաև հնարավորություն տալ մեր երկրի կին ձեռներեցներին շփվելու համաշխարհային կառույցներում ընդգրկված և տարբեր երկրներում ձեռնարկություններ ղեկավարող կին ձեռներեցների հետ, որը կարող է բերել նոր համագործակցության»,- ասել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
«Կանանց ձեռներեցության շաբաթը Երևանում» ներառում է նաև այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ այցելույթուններ տարբեր բիզնեսներ և ձեռնարկություններ, ցուցահանդես, որի միջոցով հնարավոր կլինի երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներ ունենալ, հանդիպումներ բիզնեսը բիզնեսի հետ, ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում