Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շրջանակում այսօր էքսպո-ցուցադրություն է կայացել: Դահլիճում տիրակալները հայ բիզնեսլեդիներն են: Հայաստանի տարբեր մարզերից, միջազգային ու տեղական կազմակերպություններից նրանք այստեղ են՝ ներկայացնելու իրենց ապրանքները: Էքսպո ցուցահանդեսը կազմակերպվել է Կանանց ձեռներեցության երեւանյան շաբաթի շրջանակում: Տաղավարներում ներկայացված է՝ հագուստ, թեյ, քաղցրավենիք, կոսմետիկ պարագաներ, մոմեր ու ամենատարբեր այլ ապրանքներ: Այստեղ ներկա կին ձեռներեցներից յուրաքանչյուրը մեծ հույսեր է կապում ՝ իր բիզնեսն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային շուկա հանելու համար: «Եթե ցանկություն կա, ուղիներ միշտ գտնվում են». կաշվե պայուսակների «Աշա» handmade հավաքածուն այս կարգախոսով է ծնունդ առել: Հավաքածուի հեղինակ Աշխեն Սարգսյանն ամիսներ առաջ իր աշխատանքները Նիցա քաղաքում անցկացված Էքսպո ցուցահանդեսում ներկայացնելու հնարավորություն է ունեցել: Ապլիկացիաներով, զարդանախշերով այս գունեղ պայուսակները հեղինակի տրամադրությունն են արտահայտում: Աչք է փակում բոլոր դժվարությունների վրա, մեծ հեռանկարներ ու նպատակներ ունի: Հուսով է, որ իր հավաքածուն մի օր աշխարհահռչակ բրենդների կողքին կհայտնվի: Մինչ կին ձեռներեցներն Էքսպո ցուցահանդեսում իրենց աշխատանքներն են ներկայացնում, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» մի քանի տեղական եւ միջազգային կառույցների հետ հուշագրեր է ստորագրում: Այդ կառույցներն իրենց հերթին հայ կին ձեռներեցներին լայն հեռանկարներ են խոստանում: «Ես վստահ եմ, որ այսուհետ մենք կարող ենք արդյունավետ կապեր հաստատել Հայաստանի եւ Ֆրանսիայի կանանց ձեռներեցների հետ: Կփորձենք օգնել հայ ձեռներեցներին՝ իրենց ապրանքներն արտահանել այլ երկրներ: Վստահ եմ, որ նրանք իրենց գործում հաջողության կհասնեն»,- ասում է Կանանց ձեռներեցության միջազգային ացիացիայի փոխնախագահ Մարի Քրիստին: «Համաժողովից բավականաչափ դրական արդյունքներ ու ձեռքբերումներ ունեցանք: Միայն այն, որ այսօր Էքսպոյի մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնում նման միջոցառում կազմակերպելու համար, որտեղ իրենք հնարավորություն ունեն ինչպես ներկայացվելու, այնպես էլ նոր գործընկերներ գտնելու, այն, որ համաժողովի ընթացքում մենք կնքեցինք 5 հուշագիր, որոնցից մեկը նաեւ տեղական կազմակերպության հետ, սա եւս համաժողովի դրական ձեռքբերումներից է»,- կանանց ձեռներեցության միջազգային շաբաթն ամփոփում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը: Թրեւս, հայ բիզնեսլեդիների նպատակներն անկատար չեն մնա, եւ Հայաստանում էլ հնարավոր կդառնա հզոր ձեռնարկություններ ղեկավարների շարքում տեսնել նաեւ կանանց:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն