ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԱԽՈՒՍՈՂՆԵՐԸ

16/06/2015
Հայաստանում անցկացվող Կանանց ձեռներեցության շաբաթվա շրջանակներում այսօր ԵՊՀ-ում էին հյուրընկալվել Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի մասնակիցները:
Հայ և արտասահմանյան երկրների ձեռներեց կանանց միջև գործնական կապեր ստեղծելու նպատակով անցկացվող համաժողովի և Կանանց ձեռներեցության շաբաթվա նախաձեռնողն ու իրականացնողը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան է (ՀԵԿԱ (AYWA))՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո: Համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ կին գործարարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուրիշներ:

Կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում էին հյուրընկալվել ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մարի Քրիստին Օղլին, նույն ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ժոել Բակիալոնը և Կանանց առաջնորդության եվրոպական ցանցի ղեկավար Նեստան Կիրտաձեն, իսկ հյուընկալող կողմը ներկայացնում էր ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Հանդիպման սկզբում Ռուբեն Մարկոսյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվում ԵՊՀ-ում՝ ուղղված ձեռներեցության միջավայր ստեղծելուն:

«Վերջին 2 տարիների ընթացքում մենք որոշ քայլեր ենք արել մեր համալսարանում ձեռներեցության զարգացման ուղղությամբ: Համալսարանի գիտխորհուրդը որոշում է ընդունել ստեղծելու ձեռներեցության զարգացման կենտրոն, որը ուսանողներին կօգնի հանդես գալ տարբեր նորարարական գաղափարներով ու նախագծերով: Այդ կենտրոնը կկատարի ինկուբատորի դեր, որը նախաձեռնությունները գաղափարից կվերածի ստարտափի: Դա մեզ համար կդառնա նաև աշխատանքային նոր ուղղություն ուսանողների հետ տարվող աշխատանքներում»,- նշեց պարոն Մարկոսյանը:

Այնուհետև խոսքը փոխանցվեց հյուրերին. նրանք ողջունեցին սրահում հավաքված համալսարանականներին, որոնց մեջ գերակշռում էին հենց իգական սեռի ներկայացուցիչները: Յուրաքանչյուրն իր տեսանկյունից նշեց, թե ինչն է կարևոր կանանց համար ձեռներեցությամբ զբաղվելու համար:

«Եթե ուզում եք ձեռներեցությամբ զբաղվել, մտնել բիզնես միջավայր, պետք է ձեր առջև դնեք մարտահրավերներ և դրանք հաղթահարելու խիզախություն ունենաք: Բայց նաև ասեմ, որ դա ոչ միայն բարդ է, այլև հետաքրքիր»,- նշեց Մարի Քրիստին Օղլին՝ հավելելով, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է օգնել սկսնակ երիտասարդներին մասնակցելու արտասահմանյան բուհերի փոխանակման ծրագրերին և գիտելիքներ ձեռք բերելու ձեռներեցության վերաբերյալ:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ժոել Բակիալոնն էլ որպես խորհուրդ ավելացրեց, որ ձեռներեցությունն իրականում կիրք է, պետք է սիրես այն, ինչ անում ես:
Այնուհետև հյուրերը պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին բիզնես սկսելու առաջին քայլերին, անհրաժեշտ հմտություններին, որևէ արտադրանքի ստեղծման և սպառման շուկա գտնելուն և այլն:

Հանդիպման ավարտին ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի ստեղծման 70-ամյակի կապակցությամբ ԵՊՀ հուշամեդալ հանձնեց ասոցիացիայի ներկայացուցիչներին, որպեսզի այն փոխանցեն ասոցիացիայի նախագահ Լորա Ֆրատի Գուչչիին: Իսկ ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին ԵՊՀ-ին, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանին և պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին շնորհակալագրեր փոխանցեց համաժողովին աջակցելու համար:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում