ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Հայաստանում կանանց մասնակցությունը տնտեսական կամ հասարակական ոլորտներում դեռ այնքան էլ արդիական չէ». մեկնարկեց Կանանց Ձեռներեցության շաբաթը

17/11/2015
Այսօր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ-ն) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ-ն) կողմից մեկնարկեց Կանանց Ձեռներեցության շաբաթը Հայաստանում: Այն կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր:
ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքով՝ քանի որ իրենց կազմակերպության նպատակն է նաև կանանց ձեռներեցության միջոցով հասնել երկրի զարգացմանը՝ գիտակցում են, որ ոլորտում դեռ կան խնդիրներ, որոնք սակայն լուծելի են. «Հիմնական խնդիրները, որոնց կանայք հանդիպում են ձեռներեցության ոլորտում՝ ձեռներեց դառնալն է, որովհետև այդ ճանապարհով անցնելու համար կինը պետք է ավելի ինքնավստահ լինի, վայելի հասարակության և ընտանիքի աջակցությունը, ինչը, ցավոք, մեր երկրում դեռ այնքան էլ զարգացած չէ, քանի որ դեռ կանանց մասնակցությունը տնտեսական կամ հասարակական ոլորտներում այնքան էլ արդիական չէ, ինչը ևս լուծելի հարց է»,- ասաց Լ. Ասատրյանը՝ ընդգծելով, որ խնդիրներից մեկը նաև շուկաների և ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունն է:
Ինչպես նշեց ՀԵԿԱ նախագահը՝ այսօր պետությունը բավականին բարյացակամ քաղաքականություն է վարում ընտանեկան կամ սահմանամերձ բնակավայրերում գրանցված բիզնեսների առումով, բայց, ըստ նրա, այս ամենը բավարար չէ և անելիքներ շատ կան. «Հարկավոր է առավել լայն թափով քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսի զարգացման և կանանց ձեռներեցության զարգացման համար»,-նշեց Լ. Ասատրյանը՝ ընդգծելով, որ ոլորտում կա նաև որոշակի հարկային բարեփոխումների կարիք:
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, ներկայացնելով իրենց աջակցությունը կին ձեռներեցներին, նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ այն գործարար միջավայրերը, որտեղ կանանց մասնակցությունը և դերակատարությունն ավելի մեծ է, գործունեությունն ավելի արդար և ստեղծագործ է. «Մենք շատ ենք կարևորում Հայաստանում կանանց մասնակցության և դերակատարության աճը մասնավոր հատվածի՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հարցում: Արդեն 3-րդ տարին է՝ պետությունը ընդունում է ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, արդեն 3-րդ տարին է՝ կանանց ձեռներեցության հատվածն առանձին բաժնով է ներառված, որտեղ ներկայացված են բոլոր այն համալիր գործողությունները, որոնք ուղղված են կանանց ձեռներեցության զարգացմանը Հայաստանում»,-նշեց Կ. Վարդանյանը:
Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլն էլ՝ շնորհակալություն հայտնելով ՀԵԿԱ-ին՝ նման նախաձեռնությունների համար՝ նշեց, որ ԱԶԲ-ն Հայաստանում ունի բարեփոխումների, ֆինանսավորման և այլ ծրագրեր. «Դժբախտաբար, կին ձեռներեցները չեն ցանկանում համագործակցել և ֆինանսական ծրագիրը շատ դանդաղ է զարգանում: Մեր ծրագիրը դեռ 1 տարի շարունակվելու է այստեղ և ես խնդրում եմ՝ բիզնես ծրագրերի առկայության դեպքում դիմել մեզ: Հուսով եմ՝ արդյունավետ շաբաթ կունենանք»,- եզրափակեց ԱԶԲ ներկայացուցիչը:
Կին ձեռներեց Աննա Պողոսյանը, ով արդեն 6 ամիս զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ, մեզ հետ զրույցում նշեց, որ գործունեության ընթացքում հիմնական խնդիրները, որոնց հանդիպում է՝ սպառմանն են վերաբերում, որովհետև խանութները շատ դժվարությամբ են ընդունում իրենց արտադրանքը՝ պատճառաբանելով, որ արդեն այլ ձեռնարկատիրոջ հետ են համագործակցում, չնայած՝ իրենց հնարավորությունների սահմանում փորձում են աջակցել. «ՀԵԿԱ-ն մեզ ֆինանսավորել է սարքավորումների ձեռքբերման համար և, ընդհանրապես, ինչ հարցով էլ դիմում ենք՝ աջակցում են»,- ասաց նա:
Կին ձեռներեց Գոհար Խաչիկյանն էլ, ով զբաղվում է հատապտուղների հավաքչությամբ, ընդգծեց, որ ՀԵԿԱ-ի շնորհիվ արդեն ունեն սառնարաններ, արկղեր ու դույլեր:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում