Բիզնեսի հաջողության բանաձևը.
Երազել ու հավատալ հրաշքների
Վանաձորում դասընթացներից մեկի ժամանակ էր, երբ իմացա Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մասին: Դա սեփական բիզնեսը սկսելու լավ ծրագիր էր: Եկա տուն ու արագ-արագ լրացրեցի մասնակցության հայտը: Դա 2014թ. ձմեռն էր: Անցավ մեկ-երկու ամիս, արդեն հույսս կորցրել էի, որ ինձ կներգրավեն ծրագրի մեջ: Եվ ահա ստացա երկար սպասված զանգը. «Շնորհավորում ենք, Դուք ընդգրկվել եք «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի այս փուլի 20 շահառուների ցանկում»,- ուրախությանս չափ չկար: Արդեն մարտ ամսից մասնակցեցի բիզնես դասընթացներին:
Հիշում եմ մեր՝ ծրագրի մասնակիցներիս ոգևորվածությունը, երբ մեզ ողջ դասընթացային թիմը ոգևորում էր, նշելով, որ մենք գործարարներ ենք, հաջողակ գործարարներ, որ մենք կարող ենք ունենալ հաջողակ ու զարգացող բիզնես: Մենք հավատում էինք, այդ ներշնչանքը ինձ հետ է մինչ օրս:
Դասընթացների ընթացքում իմ կողմից ստեղծվեց արծաթյա զարդերի «ԿԱԼԻՄԵ արտ ստուդիա» բիզնես ծրագիրը: Շատ հուզմունքով այն ներկայացրեցի ՀԵԿԱ-ին:
Ծրագրերի գնահատման փուլն էր, երբ երազումս ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը ինձ հաց էր պարզել: Առավոտյան ՀԵԿԱ մարզային ներկայացուցիչը զանգահարեց ու հայտնեց բարի լուրը. «Եվրամության և ՀԵԿԱ-ի կողմից Ձեր բիզնես ծրագիրը հավանության է արժանացել հանձնաժողովի կողմից, և այն կֆինանսավորվի»:
Ծրագրի շնորհիվ ձեռք ենք բերել զարդերն ավելի որակյալ դարձնելու համար անրաժեշտ սարքավորումները, վարձակալված սենյակից արդեն տեղափոխվել ենք ավելի մեծ ու հարմարավետ տարածք: Մեր մասին արդեն գիտեն մեծ թվով մարդիկ, արդեն հրաժարվել ենք այն գաղափարից, որ կարող էինք մշտական բնակություն հաստատել արտերկրում: Երբ այս ամենը կատարվում է մի մարդու հետ, ով արդեն հույսը լրիվ կորցրել է, հասկանում ես, որ կյանքում հրաշքներ լինում են, այնպիսի հրաշքներ, ինչպիսիք կատարվեցին ինձ հետ:
Հետո արդեն, որպես շահառու, սկսեցի մասնկացել ՀԵԿԱ-ի կողմից կազմակերպված բոլոր բարեգործական տոնավաճառներին, ԷՔՍՊՈ ցուցահանդեսներին, որի ժամանակ գտնում եմ նոր գործընկերներ, շուկաներ և հավատարիմ հաճախորդներ:
Օրս միշտ սկսում եմ շնորհակալությամբ առ Աստված, որ արթնացել եմ, ընտանիքիս անդամներն իմ կողքին են, հնարավորություն ունեմ ապրել իմ երկրում: Իմ կյանքում կատարվելիք հրաշքները դեռ առջևում են, ես երազում եմ երկիրս դարձնել ապրելու համար ավելի բարեկեցիկ վայր, և հավատում եմ, որ իմ բոլոր երազանքերը կիրականանան:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն