ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ալինա Հակոբյան

 
[/b]Բիզնեսի հաջողության բանաձևը.[/b]
Անկոտրում կամք և հուսալի համագործակցություն

Մեր համայնքում մարդիկ շատ են սիրում սառը սուրճ և թեյ: Սակայն մինչ իմ գործունեությունը չկար տեղական որևէ ընկերություն, որը կկազմակերպեր սառը թեյի կամ սուրճի արտադրություն: Մինչ մտքումս խմորվում էր այս բիզնես գաղափարը, տեղեկացա «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մասին:
2006թ.-ից անդամակցում և ակտիվ մասնակցություն ունեմ ՀԵԿԱ-ի շրջանակներում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներին, որոնք խիստ ուսուցողական ու անհրաժեշտ են կնոջ կայացման և ինքնահաստատման համար: Բացի այդ, վերջիններս նպաստում են կնոջ մասնագիտական կարողությունների զարգացմանը: Շատ տպավորված եմ 2015թ. հունիսի 8-11-ը կանանց ձեռներեցության միջազգային շաբաթի շրջանակներում կազմակերպված միջոցառումներով: Այնտեղ ես ծանոթացա ոչ միայն հայ, այլ տարբեր երկրներից ժամանած ձեռներեց կանանց հետ, կազմակերպվեցին կլոր սեղան քննարկումներ, տարբեր հանդիպումներ, ծանոթացա տարբեր ձեռներեց կանանց գործի պատմությանը: Այդ ամենը շատ ոգեշնչող ու համոզիչ էր: Նույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցել եմ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, CEFE մեթոդոլոգիայով կազմակերպված ձեռներեցության դասընթացին, որտեղ սովորեցի, թե ինչպես պետք է մշակել տնտեսական զարգացման ծրագիր, ինչպես պետք է սկսել և զարգացնել սեփական գործը: Հաջողությամբ ավարտելով դասընթացը՝ ես ձեռնամուխ եղա իմ նոր բիզնեսի ստեղծման և զարգացման գործին: Ծրագրի շնորհիվ շահեցի դրամաշնորհ, և ինձ տրվեց հնարավորություն ստեղծելու իմ սեփական բիզնեսը: Ես հիմա ունեմ սառը սուրճի և թեյի, ինչպես նաև փաթեթավորված սև սուրճի արտադրություն: Արտադրանքն առաքում եմ մեր տարածաշրջանի սպառման տարբեր կետեր:
ՀԵԿԱ-ի կազմակերպած դասընթացները տալիս են անհրաժեշտ գիտելիքներ սեփական գործը սկսելու համար: Անհրաժեշտ է անդամակցել նման կառույցին և մեր փորձով նպաստել այլ կանանց բիզնեսների զարգացմանը:
Share |