Բիզնեսի հաջողության բանաձևը.
Ինքնավստահություն և հավատ սեփական ուժերի հանդեպ
Միշտ սիրել եմ հրուշակագործությունը և տարբեր առիթների համար ինքս եմ պատրաստել թխվածքներ: Արժանանալով շատերի հավանությանը և լսելով նրանց խորհուրդը՝ որոշեցի հիմնել իմ սեփական բիզնեսը: Սակայն դժվարությունները շատ էին, քանի որ չունեի համապատասխան ֆինանսական միջոցներ, գիտելիքներ՝ բիզնեսի ճիշտ վարման և արդյունավետ աշխատանքի համար:
2014 թվականին տեղեկացել եմ, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ղեկավարմամբ ՀՀ Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Որոշեցի անպայման մասնակցել ծրագրին: Ծրագրի շրջանակներում մասնակցեցի կազմակերպված բիզնես և մասնագիտական մի շարք դասընթացների: Ձեռք բերելով բավականաչափ գիտելիքներ՝ ներկայացրեցի իմ բիզնես ծրագիրը, այն հավանության արժանացավ, և ստացա դրամաշնորհ: Հուզմունքս աննկարագրելի էր. կատարվեց իմ վաղեմի երազանքը:
Հիմա արդեն հիմնել եմ հրուշակեղենի արտադրամաս և զբաղվում եմ տարբեր առիթների համար նախատեսված տորթերի ու ֆուրշետային թխվածքների արտադրությամբ: Այդ գործում մեծ է եղել Եվրամիության և ՀԵԿԱ-ի ներդրումը, քանի որ գործը սկսելու համար անհրաժեշտ հիմնական սարքավորումներն ու գործիքները ձեռք եմ բերել ծրագրի շրջանակներում ստացած դրամաշնորհի միջոցներով:
Շատ կարևոր է նաև հարազատ մարդկանց, սիրելիի, ընկերների աջակցությունը` հաջողության հասնելու համար:
Իմ փորձից ելնելով` խորհուրդ կտամ առաջ գնալ և երբեք չնահանջել, ինքնավստահ լինել և հավատալ սեփական ուժերին: Կարելի է հասնել նպատակին` առանց հաշվի առնելու դժվարություններն ու ժամանակավոր անհաջողությունները: Իսկ կանանց խորհուրդ եմ տալիս անդամակցել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիային, քանի որ այն մեծ հնարավորություններ է ընձեռում և աջակցում զարգանալու, կայանալու գործում: