Բիզնեսի հաջողության բանաձևը.
Երազանքներն իրականություն կդառնան, եթե դրանք դարձնենք նպատակ և իրագործենք
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գործունեությանը ծանոթացել եմ, երբ դեռևս 9-րդ դասարանում էի սովորում: Այդ ժամանակ ՀԵԿԱ-ն իրականացնում էր «Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագիրը, որն ինձ հնարավորություն տվեց զարգացնել գիտելիքներս առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության և այլ ոլորտներում: Այնուհետև մասնակցել եմ ՀԵԿԱ-ի կողմից կազմակերպված բազմաթիվ այլ դասընթացների և միջոցառումների ևս:
2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մասնակցել եմ [/b]CEFE մեթոդոլոգիայով կազմակերպված ձեռներեցության դասընթացին[/b]: Շատ մեծ ցանկություն ունեի զբաղվել բիզնեսով, շատ գաղափարներ ունեի, ուզում էի դրանիցից գոնե մեկն իրականություն դառնար: Մեկ ամիս տևած դասընթացի շնորհիվ հասկացա, թե ինչպես պետք է մշակել բիզնես պլան, ինչպես պետք է սկսել և զարգացնել սեփական գործը: Մասնագիտական բազմաթիվ դասընթացները հնարավորություն տվեցին ավելի գրագետ մոտենալ բիզնեսին, կազմակերպել և զարգացնել յուրաքանչյուր գաղափար:
Երբ արդեն պատրաստ էր բիզնես պլանը և պետք է այն ներկայացնեի հանձնաժողովին, շատ էի անհանգստանում, սակայն վստահ էի, որ այն հաջողության կհասնի:
Որախությանս չափ չկար, երբ իմացա, որ իմ բիզնես գաղափարը ֆինանսավորվելու է ՀԵԿԱ-ի և Եվրոպական միության կողմից: Այդ վստահությունն ինձ մեծ ուժ տվեց, հասկացա, որ պետք է կանգ չառնեմ և տարեցտարի զարգացնեմ թե՛ իմ բիզնեսը, թե՛ անձնական հմտությունները, որոնք իհարկե կօգնեն բիզնեսի ավելի գրագետ վարմանը:
Այժմ կարող եմ աշխատեցնել իմ առաջին բիզնեսը՝ թեյարանը, որտեղ կարելի է գտնել հայկական տարբեր խոտաբույսերից պատրաստված թեյեր: Առաջիկայում շատ պլաններ ունեմ: Հույս ունեմ, որ իմ փոքրիկ բիզնեսով կակտիվացնեմ և կզարգացնեմ քաղաքի զբոսաշրջային կյանքը:
Իմ բիզնես գիտելիքների, մտահաղացումների, աշխատանքային կարողությունների զարգացման գործում կարևորում եմ նաև ՀԵԿԱ-ի դերը: Քանի որ կազմակերպության աջակցությունը շատ մեծ է և ՛սկսնակ, և՛ կայացած կին գործարարների համար: Նմանատիպ աջակցություն ստացել եմ 2015թ. Ապրիլին, երբ ՀԵԿԱ-ի աջակցությամբ Իռլանդիայում մասնակցեցի Կանանց ձեռներեցության կոնֆերանսին, որը մեծ հնարավորություն տվեց գտնել նոր գործընկերներ, փորձի փոխանակում իրականացնել արդեն կայացած ձեռներեցների հետ:
Խորհուրդ եմ տալիս ինձ նման սկսնակ ձեռներեցներին չվախենալ խոչընդոտներից, միշտ առաջ շարժվել և հավատալ սեփական ուժերին: