ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Գայանե Խաչատրյան

 
Բիզնեսի հաջողության բանաձևը.
Լինել վճռական, բարեխիղճ և նպատակասլաց

Մի քանի տարի աշխատելով տարբեր ընկերություններում որպես շուկայի զարգացման պատասխանատու, հասկացա, որ ժամանակն է, որ ինքս ստեղծեմ իմ սեփական ընկերությունը: Այդ ընթացքում, որպես ակտիվ և գործարար քաղաքացի, շատ էի մասնակցում բազմաթիվ սեմինար քննարկումների, կլոր սեղանների, որտեղ քննարկվում էին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները: Ծանոթանալով նրանց խնդիրներին, որոշեցի մի այնպիսի նախաձեռնություն սկսել, որտեղ կկարողանամ աշխատանքով ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց: Գաղափարները շատ էին:
Այդ ժամանակ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և Եվրոպական միության Լոռու մարզում իրականացնում էին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը, որի մասնակիցը եղա նաև ես: Մեկ ամիս շարունակ մասնակցեցի բինես դասընթացներին, ներկայացրեցի արծաթյա զարդերի և հուշանվերների արտադրության բիզնես գաղափարը, որը հավանության արժանացավ և ստացա դրամաշնորհ՝ այն կյանքի կոչելու համար: Գործարար ծրագրի հիմնական նպատակն էր՝ ընդլայնել և զարգացնել ընկերության կողմից արծաթյա զարդերի և հուշանվերների արտադրությունը: Կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկություններից մեկն այն է, որ մեր աշխատակիցները հաշմանդամություն ունեցող անձինք են՝ 16-ից 50 տարեկան, ովքեր մինչև այս աշխատանքը խիստ մեկուսացված են եղել հասարակությունից: Ներգրավելով սահմանափակ կարողություններ ունեցող անձանց՝ մենք նպաստում ենք նրանց ինտեգրմանը հասարակության մեջ և միևնույն ժամանակ աշխատանքով ապահովմանը: Այժմ արծաթյա զարդերի արտադրության գործընթացում ներգրավված է ավելի քան 5 անձ, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն:
Ունենք մշտական հաճախորդներ, մասնակցում ենք ՀԵԿԱ-ի կողմից կազմակերպած բարեգործական տոնվաճառներին, համաժողովներին, որոնք հնարավորություն են տալիս նոր գործըներներ և շուկաներ գտնել աշխարհի տարբեր երկրներում: Գործարար կանանց խորհուրդ կտամ լինել վճռական, բարեխիղճ և գնալ իրենց նպատակների հետևից:
Share |