Բիզնեսի հաջողության բանաձևը.
Հավատալ սեփական ուժերին և հնարավորություններին
Ես՝ Գոհար Գասպարյանս, ծնվել եմ 1992թ., Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ունեմ բարձրագույն կրթություն, մանկավարժ եմ։ Իմ աշխատանքային գործունեության շրջանում բացի մանկավարժությունից զբաղվել եմ նաև մսի վերամշակմամբ և մսամթերքների արտադրությամբ։
Ունենք պտղատու այգի: Ներկայումս զբաղվում եմ նաև այգեգործությամբ։ Առանց քիմիական բուժանյութերի և պարարտանյութերի օգտագործման, ընտանիքի անդամներով մշակում ենք այգին և ստանում օրգանական արտադրանք։ Սակայն մրգերի պահեստավորման և պահպանման պայմաններ չունենալու պատճառով ստացված բերքի մի մասը չէինք կարողանում իրացնել, և այն փչանում էր։ Անհրաժեշտ էր ստեղծել սառնարանային տնտեսություն՝ ստացված բերքը պահպանելու համար:
2015թ․ մասնակցեցի Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրին։ Մասնակցելով դասընթացներին՝ ձեռք բերեցի գիտելիքների և հմտությունների մեծ պաշար բիզնեսի կազմակերպման ոլորտում, կազմեցի «Սառնարանային տնտեսություն» գործարար ծրագիր, և դարձա շահառու. ստացա դրամաշնորհի բիզնես սկսելու համար։
Մեր արտադրական շինությունում ընտանեկան ներդրումների և ծրագրից ստացված դրամաշնորհի միջոցներով հաջողվեց Սպիտակ քաղաքում ստեղծել սառնարանային տնտեսություն, որտեղ պահեստավորվում են ոչ միայն սեփական այգուց ստացված, այլև տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների կողմից արտադրված մրգերը: Այս գործընթացը կնպաստի տարածաշրջանում արտադրված մրգի պահեստավորմանն ու իրացմանը։
Իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀԵԿԱ-ին և Եվրոպական միությանը ՝ նմանատիպ ծրագրեր իրականացնելու և կանանց ձեռներեցությանը զարկ տալու համար: