ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տաթևիկ Վարդանյան

 
Բիզնեսի հաջողության բանաձևը
Աշխատասիրություն և ամուր կամք

Ես Տաթևիկ Վարդանյանն եմ, Լոռու մարզի Տաշիր քաղաքից: Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոնից տեղեկացա, որ մեր քաղաքում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ծրագիր է իրականացնում, որը հնարավորություն է տալիս կանանց մասնակցել բիզնես դասընթացներին, ներկայացնել նորարակական բիզնես գաղափար և շահել դրամաշնորհ՝ բիզնես հիմնելու կամ ընդլայնելու համար: Քանի որ փորձ ունեի այս ոլորտում, ընտանիքիս անդամները ուրախությամբ ընդունեցին իմ` բիզնես դասընթացին մասնակցելու ու բիզնեսն ընդլայնելու մտադրությունը: Այդ ժամանակ արդեն ունեի իմ սեփական բիզնեսը՝ դեղատունը:
Մեծ ոգևորությամբ մասնակցեցի Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի բիզնես դասընթացներին, և մեր համատեղ աշխատանքը պսակվեց հաջողությամբ:
Լինելով մասնագիտությամբ դեղագետ, աշխատում եմ հենց իմ դեղատանը: Աշխատանքիս արդյունքում եկա այն եզրակացության, որ մեր քաղաքի բնակիչները շատ ունեն ակնաբույժի, օպտիկայի կարիք: Ակնաբույժը մեր քաղաք էր այցելում Ստեփանավանից կամ Վանաձորից, շաբաթվա միայն որոշակի օրերի ընթացքում: Բիզնես ծրագիրն այս պահանջարկի շուրջ կառուցվեց:
Մասնակցելով բիզնես դասընթացներին՝ հնարավորություն ստացա լուծել այս խնդիրը: Ներկայացված բիզնես ծրագիրը հավանության արժանացավ և ստացա դրամաշնորհ՝ ակնաբուժական նոր բաղադրիչով բիզնեսն ընդլայնելու համար: Հիմա արդեն իմ դեղատանը կից ստեղծել եմ տեսողության ստուգման ծառայություն, որը մեծ պահանջարկ ունի մեր քաղաքում: Ծրագրի շնորհիվ ձեռք եմ բերել ակնաբուժական սարք, և հաճախորդներն այժմ ոչ միայն ստանում են տարբեր տեսակի ակնաբանական ծառայություններ, խորհրդատվություն փորձառու ակնաբույժների կողմից, ովքեր տիրապետում են տեսողության շտկման ժամանակակից մեթոդներին, այլև անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք ակնոց և օպտիկա:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի արդյունքում ձեռք բերեցի վստահություն իմ հաճախորդների կողմից, ճանաչվածությունս մոտ 30%-ով աճեց: Արդյունքում ես ունեցա հնարավորություն նոր աշխատատեղ բացելու և իմ գործող բիզնեսն ընդլայնելու: Իմ հաջողության համար ես շնորհակալ եմ ՀԵԿԱ-ին և Եվրոպական միությանը:
Իմ ունեցած հնարավորությունների սահմանում կաշխատեմ ավելի շատ կանանց ապահովել աշխատանքով, քիչ թե շատ զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Այս օրերին դա ամենակարևոր գործոնն է մեր երկրի բարգավաճման գործում:
Share |