Բիզնեսի հաջողության բանաձևը.
Չվհատվել և ձգտել կատարելագործման
Ի սկզբանե գաղափարը քաղաքի մի գողտրիկ անկյունում սրճարան բացելն էր, որը կդառնար տեսքով ու բնույթով տարբերվող մի կանաչ օազիս, որտեղ կարելի կլիներ կտրվել առօրյա հոգսերից և իրականությունից, հաճելի մթնոլորտում վայելել հայկական խոհանոցի համն ու հոտը: Սրճարանի շենքը կառուցեցինք տասը երկար ու ձիգ տարիներ, քանի որ չկային անհրաժեշտ միջոցներ, և յուրաքանչյուր քար ու մասնիկ պետք է ունենար իր ուրույն տեղը և ձևը: Սրճարանի կահավորման ժամանակ ոչ միայն գնում էինք տարբեր բնակավայրերից հայթայթում նախորդ դարասկզբին և ավելի վաղ ժամանակներին պատկանող իրեր, այլև մարդիկ իրենք էին բերում և առաջարկում իրենց մոտ պահպանվող և իրենց համար թանկ իրերը: Արդյունքում ստացվեց մի փոքրիկ հրաշակերտ անկյուն մի գավաթ սուրճ վայելելու համար: Սակայն սրճարանը չաշխատեց, քանի որ պակասում էին անհրաժեշտ տեխնիկական միջոցները:
Մասնակցելով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի բիզնես դասընթացներին՝ որոշեցի վերսկսել «Քարանձավ» սրճարանի գործունեությունը: Ինձ անհրաժեշտ էին խոհանոցային նոր սարքավորումներ: Ծրագիրն օգնեց ինձ իրականացնել իմ առջև դրված նպատակը: Ես ստացա դրամաշնորհ:
Հաճելի է, երբ կողքիդ կան կազմակերպություններ, որ պատրաստ են մեզ՝ կին ձեռներեցներիս, աջակից լինել ցանկացած հարցում: Բոլոր ներկա և ապագա կին ձեռներեցներին խորհուրդ կտամ երբեք չվհատվել և անընդհատ ձգտել կատարելագործման: