Ակադեմիքս Թիմ բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Լիլիթ Ճուղուրյանը մեզ հետ զրույցում նշեց.
- Առաջնահերթ ցանկանում եմ նշել ծրագրի կազմակերպվածության բարձր մակարդակը:
Մենթորության ծրագիրը բացառիկ է, քանի որ կառուցվում է դիմորդի, այսինքն մենթիի բիզնես գործունեության առկա իրավիճակի գնահատման և ապագա ծրագրերի կառուցողական պլանի, քայլերի հիման վրա:
Նման մոտեցումը թույլ է տալիս մենթորի բիզնես խորհրդատվության շնորհիվ գնահատել մենթիի բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները՝ ստեղծելով կամ վերանայելով բիզնես պլանը:
Մենթորության ծրագիրը հիմնվեց իմ կողմից առաջադրված կետերի վրա, այն է՝
- Պահպանել ընկերության դիրքերը շուկայում
- Ձևափոխել առկա բիզնես խորհրդատվական և թրեյնինգ ծառայությունները, վերամոդելավորել և ստեղծել նոր ծառայություններ
- Մուտք գործել միջազգային շուկա
Շուրջ մեկ տարի տևողությամբ ծրագիրը անդրադարձավ նաև ընկերության մարքեթինգի, հանրային կապերի, առցանց գովազդի կազմակերպման և գործարար հաղորդակցման նոր ձևաչափերին՝ հաշվի առնելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայի առանձնահատկությունները:
Ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցա հստակեցնել բիզնեսի թիրախային լսարանը, գործունեության հիմնական ոլորտները, ստեղծել բիզնես խորհրդատվական և թրեյնինգ ծառայությունների նոր փաթեթներ:
«Շերի Բլեր» մենթորության ծրագրի կայք-էջի անձնական պրոֆիլի շնորհիվ ներկայացրեցի բիզնեսը, իսկ բաց քննարկումների համար նախատեսված ֆորումի շնորհիվ ձեռք բերեցի միջազգային գործարար կապեր ՝ ընդլայնելով գործընկերների շրջանակը:
Մեկ տարի անց, 2016 թվականի սեպտեմբերին արժանացա վկայագրի որպես «Շերի Բլեր» հիմնադրամի մենթորական ծրագրի մենթի և շրջանավարտ ծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ մասնակցությունս ծրագրին հնարավոր եղավ շնորհիվ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի, որն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես աջակցում է սկսնակ և գործող կին ձեռներեցներին: