2018թ. հուլիսի 14-16-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվեց կլոր-սեղան քննարկումն ու կարողությունների զարգացման երկրորդ փուլի եռօրյա դասընթացը :
Դասընթացին և կլոր-սեղան քննարկմանը մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից կանանց խորհուրդների առաջնորդները և/կամ ներկայացուցիչները: Համայնքային կանանց խորհուրդները ձևավորվել էին կարողությունների զարգացման 1-ին փուլի դասընթացի արդյունքում: Եռօրյա դասընթացի առաջին օրը կանանց խորհուրդների առաջնորդները ներկայացրին իրենց՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնության (€100-200) ծրագրերը` փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթի շրջանակներում:
Ծրագրի արդյունքում ՀՀ բոլոր մարզերում (ներառյալ Երևան քաղաքը) ձևավորվել է թվով 24 կանանց խորհուրդ՝ խորհուրդների մեջ ներառված են ավելի քան 120 կին :
Կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ փուլի կարևորագույն բաղադրիչն էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից հայտարարված համայնքներում սոցիալական ձեռնարկության ստեղծման դրամաշնորհային ծրագրերի (€ 700-1000) մրցույթը :
Ծրագրերի մշակմանը ներգրավված են նաև մենթորները, ովքեր աշխատելու են ձևավորված համայնքային կանանց խորհուրդների հետ: Համայնքներում սոցիալական ձեռնարկության ստեղծման ծրագրի արդյունքները հայտարարվելու են 2018թ.-ի օգոստոսի 14-ին:
Համայնքային և միջհյամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթին անհրաժեշտ է լրացնել սոցիալական նախաձեռնությունների դրամաշնորհի հայտը՝ մինչև ս.թ. հուլիսի 23-ը, ժամը 14:00-ն:
Սոցիալական ձեռնարկությունների ստեղծման դրամաշնորհային ծրագրերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սոցիալական ձեռնարկությունների դրամաշնորհի հայտը՝ մինչև ս.թ. օգոստոսի 6-ը, ժամը 14:00-ն:
Դրամաշնորհային ծրագրերի մրցույթին կարող են մասնակցել միայն դասընթացների 2 փուլին մասնակցած համայնքների կողմից ստեղծված կանանց խորհուրդները:
2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից: