Հայ երիտասարդ կանայք սկսում են հասարակական ակտիվություն ցուցաբերել:
Փետրվարի 5-ից 8-ը դասավանդողների համար Ծաղկաձորում տեղի ունեցավ «Կողմնացույցի ուսուցում» խորագրով դասընթաց: Կազմակերպիչը «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» էր: Եվրախորհրդի կողմից մշակված «Կողմնացույց» ձեռնարկը շատ պարզ ու մատչելի ձեւով երիտասարդին մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան գիտելիքներ է տալիս: Այն արդեն թարգմանվել է ու հրատարակվել մի քանի լեզուներով, եւ Հայաստանում «Կողմնացույցի» հայերեն թարգմանության տարածման եւ ուսուցման համար էլ կազմակերպվել էր դասընթացը:
Դասավանդողները հիմնականում ասոցիացիայի անդամներն էին եւ տվյալ ոլորտի փորձագետներ, ովքեր արտասահմանում մասնակցել են Եվրախորհրդի կողմից կազմակերպված նմանաբնույթ դասընթացների: Լիլիթ Ասատրյանը նշում է, որ շատ խրախուսելի է հատկապես մարզերի երիտասարդների մասնակցությունը, եւ իրենք հնարավոր ամեն ինչ անում են, որ ապահովվի նրանց ներգրավվածությունը:
«Բոլորս տեսնում ենք եւ գիտենք, որ այսօր Երեւանում շատ ավելի հասանելի են թե՛ տեղեկատվությունը, թե՛ կրթությունը: Երիտասարդությունն ավելի մեծ հնարավորություններ ունի իր ներուժն օգտագործելու, ինչ-որ ձեւով ինտեգրվելու տարբեր ոլորտներում: Մարզերում, ցավոք, սա դեռեւս մեծ խնդիր է, եւ մեր նպատակներից մեկն էլ այն է, որ մարզերի երիտասարդությանը այս ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռենք»,- ասում է Լիլիթ Ասատրյանը:
Կազմակերպիչների հավաստմամբ` մեր երկրում երիտասարդ կանայք բավականին շատ խնդիրներ ունեն, եւ Լիլիթ Ասատրյանը դրանցից հատկապես երեքն առանձնացրեց: Առաջինն առողջության հետ կապված խնդիրներն են, որովհետեւ կինը ոչ միայն հասարակության մեջ դրսեւորվող անհատ է, այլեւ, բնականաբար, սերնդի շարունակողն է, եւ նրա համար շատ կարեւոր է վերաարտադրողական առողջությունը: Հաջորդը գործազրկության խնդիրն է. շատ կանայք հնարավորություն չունեն ընտանիքից դուրս իրենց դրսեւորելու: Իսկ մյուսն էլ հասարակական կյանքում կանանց մասնակցության եւ ներգրավվածության խնդիրն է:
«Կանայք, հատկապես հայ կանայք, ունեն շատ մեծ ներուժ, եւ ամենադժվար ու մեծ առաքելությունը, որ ունեն նրանք, ընտանիք ձեւավորելն է: Եւ ես վստահ եմ, որ դրա կողքին հայ կինը կարող է նաեւ հասարակական գործունեություն ծավալել: Բայց, ցավոք, մեր կանայք դեռ պասիվ են: Միգուցե իրենք չեն ուզում, միգուցե համապատասխան գիտելիքներ չունեն, չգիտեն, որ նաեւ այդ ձեւով կարող են օգուտ բերել երկրին ու իրենց ընտանիքին»,- նշում է Լիլիթ Ասատրյանը:
Աղբյուրը








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն