ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի մեկնարկը տրված է

25/06/2012
     
2012թ. հունիսի 25-ին պաշտոնապես մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ծրագիրն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՕՔՍՖԱՄ-ը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ:
Ծրագրի բացմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՕՔՍՖԱՄ-ի գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը:
«Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) կողմից: DIPECHO-ն ծրագրեր է ֆինանսավորում աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ աղետներ առավել հաճախ են տեղի ունենում: Հայաստանում DIPECHO-ի ֆինանսավորած ծրագրերն ընդգրկում են Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերը և Երևանը:
Գործողություններն իրականացվելու են երեք հիմնական ուղղություններով.
  • Տեղական համայնքների կարողությունների ամրապնդում` աղետների ռիսկի նվազեցման առումով բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման ուղղությամբ,
  • խոցելի խմբերի երեխաների (ներառյալ` հատուկ կարիքներ ունեցող երեխաների) իրավունքների և կարիքների արտացոլում աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության մեջ, աղետներին առավել հակված շրջաններում երեխաների և դպրոցների կարողությունների զարգացում` հնարավոր աղետներին ավելի նախապատրաստվելու, մեղմելու և արձագանքելու համար, ինչպես նաև աշխատանք` ազգային կրթական համակարգում աղետների ռիսկի նվազեցման խնդիրների շուրջ,
  • արտակարգ իրավիճակների ու աղետների ժամանակ բարձր նախապատրաստվածության ապահովման ու դրանց արձագանքելու նպատակով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցության ամրապնդում առաջատար գործակալությունների, պետական մարմինների, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) ու Հարավային Կովկասի տարածաշրջանում այլ պատկան կառույցների միջև:

DIPECHO ծրագրի շրջանակներում կազմակերպությունները համագործակցում են Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, ՀՀ արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական ապահովության, Տարածքային կառավարման նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների և դպրոցների հետ:
Ծրագրի իրականացողներն են նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպութունը:
Share |

Կարդացեք այս բաժնում