womennet.am
Այսօր մայարաքաղաքի Սիրահարների այգում տոն էր ՝ «ՕՔՍՖԱՄ» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակն ու «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» երրորդ անգամ անցկացրեցին «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունը: Թերևս դա եզակի մրցույթ է գյուղատնտեսության ոլորտում, որի նպատակն է` խրախուսել այս ոլորտում գործունեություն ծավալող և հաջողության հասած կին-ֆերմերներին, որոնց հաջողվել է իրենց իսկ աշխատանքով դրական փոփոխություններ իրականացնել ոչ միայն իրենց, այլ իրենց համայնքների կյանքում: Այս անգամ մրցույթը անցկացվել է Վայոց ձորի և Տավուշի համայնքներում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների շրջանակներում և կոոպերատիվների անդամ վեց կին ստացան Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսի կոչում ու խրախուսական նվերներ:
WomenNet.am-ի հետ զրույցում Օքսֆամի ներկայացուցիչ, Տնտեսական արդարություն ծրագրի պատասխանատու Ռիտա Գասպարյանը ներկայացրեց ծրագրի նպատակները ու նաև հաջողությունները. «Ես ընդամենը վեց ամիս է այս պաշտոնում եմ, բայց այդ ժամանակահատվածն էլ բավական է, որպեսզի արձանագրենք, որ հրաշալի արդյունքների են հասել հատկապես կանանց կոոպերատիվները: Ամենակարևորը նա է, որ հայ կանայք, հատկապես գյուղաբնակ, ունեն մեծ պոտենցիալ ` և լիդեր են, և խելացի են, և պատրաստված են, և ունակ համախմբելու ամբողջ համայնքը: Կարծում եմ, Հայաստանի համայնքներում դեռ շատ ռեսուրսներ ունենք, որ պետք է բացահայտենք»,- նշեց տիկին Գասպարյանը: Ծրագրի պատասխանատուի համոզմամբ` հենց կանայք են այն ուժը, որ պետք է համայնքները տանեն զարգացման, որովհետև ծրագրի շրջանակում համոզվել են, որ կանայք ոչ միայն իրենց հարևանուհիներին, ընկերուհիներին են կարողանում համախմբել, այլև տղամարդկանց. «Ծրագիրը շարունակական է, այն կշարունակվի այդ երկու մարզերում, որտեղ հաջողություններ ենք գրանցել` Տավուշում և Վայոց ձորում, իսկ եթե կարողանանք ֆինանսավորման խնդիրը լուծել, ապա ծրագիրը կլինի նաև այլ մարզերում»,- հավելեց նա:
Գոմք համայնքի «Վանքաձոր» կանանց գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի խորհրդի անդամ Բավական Մելիքյանը այն կին հերոսներից մեկն էր, որ այսօր արժանացավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» կոչմանը: WomenNet.am-ի հետ զրույցում տիկին Մելիքյանը պատմեց, որ արդեն մեկ տարի է, ինչ իրենց համայնքի կանանց առօրյան լցվել է հետաքրքիր ու սիրված գործով` 37 կին ֆերմեր համախմբող այդ կոոպերատիվը զբաղվում է սառնարանային տնտեսությամբ և ջերմատնով. «Ընդամենը մեկ տարեկան ենք, բայց ունենք զգալի հաջողություններ, բայց ակնկալիքներ ունենք ավելիին հասնելու համար»,- պատմեց նա:
Իր խոսքով , այս նախաձեռնությունը նոր կյանք հաղորդեց իրենց համայնքին և առհասարակ գյուղացիներին, որովհետև գյուղացին բերք է ունենում, սակայն չի կարողանում այն ոչ միայն իրացնել, այլ երբեմն նաև ուղղակի պահել ու սպառել. «Իրացումը շատ կարևոր է, չէ որ գյուղացու եկամուտն էլ հենց դրանից է գոյանում: Միայն կարող եմ ասել` Օքսֆամ ջան, շատ շնորհակալ ենք, որ աջակցում եք գյուղացուն, առաջ տանում նրան ու հնարավորություն ստեղծում, որ գյուղացին իր հարցերը լուծի ու հոգա»,- հավելեց մի ձեռքով պատվոգիրը պահող, մյուս ձեռքով էլ իրենց տաղավարին մոտեցողներին Գոմքի բերքն ու բարիքը հյուրասիրող տիկին Մելիքյանը:
Իսկ բարիքները ոչ միայն գունեղ էին, այլև բազմազան. Վայոց ձոր մարզի Գոմք համայնքում 144 քմ ծավալով սառնարանային տնտեսությունը հնարավորություն է տալիս պահպանել առկա գյուղմթերքը` ոսկե ծիրանը, կարմրաթուշ խնձորը, ամենահամով տեսակի լոբին ու աչքը շոյող արտաքին ունեցող վարունգներ, ինչպես նաև գազար, բազուկ և այլն: «Վանքաձոր» կոոպերատիվի այցեքարտն են ոչ ավանդական մշակաբույսերի և չրի արտադրությունները: Արտադրանքի որակի մասին վկայում է այն փաստը, որ այսօր մրցանակաբաշխությունից հետո «Վանքաձոր»-ի չիրը ակնթարթորեն սպառվեց Սիրահարների այգի այցելուների կողմից:
Կին հերոսի կոչում ստացավ նաև Վայոց ձոր մարզի Ազատեկ գյուղի բնակչուհի Նուշիկ Ջանոյանը, ով կոոպերատիվում է սառնարանային և ջերմոցային տնտեսության ստեղծման առաջին իսկ օրվանից` 2013-ի մարտից. «Մայիսից մշակել ենք լոլիկ ու շատ լավ բերք ենք ստացել` արդեն վաճառել ենք 3 տոննան»,- հպարտությամբ կիսվեց իրենց հաջողություններով տիկին Նուշիկը, ում խոսքով` անակնկալ էր հերոսի կոչում ստանալը: Ի վերջո, մարդ իր սիրած գործով է զբաղվում և հերոսությունն այստեղ ոչ թե դա է, այլ դրա համար հնարավորություն ստեղծելը: Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ իրենք այնքան են ոգևորված արդյունքներով, որ ուզում են խնդրել Օքսֆամ-ին երկրորդ ջերմոցն էլ իրենց համայնքում ստեղծել. «Հաստատ չի խանգարի, մենք էլ սիրով կաշխատենք, միայն թե մի հատ էլ ջերմոց դնեն»,- ասաց նա:
Նշենք, որ միջոցառման ընթացքում ոլորտի կին հերոս կոչմանն արժանացան Տավուշից՝ Սվետլինա Ղազարյանը (գ.Ակնաղբյուր), Սոֆյա Աթաբեկյանը (գ.Ներքին Ծաղկավան), Աստղիկ Ղուշչյանը (գ. Հաղթանակ), իսկ Վայոց ձոր մարզից Բավական Մելիքյանը (գ.Գոմք), Հասմիկ Ղազարյանը (գ.Զեդեա) և Նուշիկ Ջանոյանը (գ.Ազատեկ):
Նշենք նաև, որ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Օքսֆամ-ի կողմից` «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը» /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում: Մինչ այսօր կին հերոսի կոչմանն են արժանացել 20 կանայք Հայաստանի բոլոր մարզերից, խրախուսական մրցանակի են արժանացել 6 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ, կոոպերատիվին կից գործող կանանց մեկ կոմիտե և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 16 կանայք:
Է. Մակարյան
Լուսանկարները՝
Քրիստինե Հովհաննիսյանի /Օքսֆամ և Մերի Հունանայանի / Նոյան Տապան
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope