Women Entrepreneurs Network in Armenia

Կանանց ներգրավվածությունը հայաստանյան բիզնեսում բավարար չէ, բայց դրական միտում նկատվում է

16/06/2015
Հայաստանից և արտերկրից ժամանած ավելի քան 300 ձեռներեց կանանց միավորեց այսօր մեկնարկած «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթը», որն անցկացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությամբ: Միջազգային այս համաժողովը նպատակ ունի նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը, Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

Ծրագրի շրջանակում հունիսի 8-ին և 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Նոր զարգացումների հեռանկարներ» խորագրով կանանց ձեռներցության միջազգային համաժողովը, քննարկումներ կանցկացվեն կանանց ձեռներեցության անհրաժեշտության, դրա` ազգային և միջազգային մակարդակներում խրախուսման, հնարավորությունների ու պատասխանատվությունների, ոլորտի գրավչության, զարգացման կարևորության և այլ հարցերի շուրջ: Այսօր` համաժողովի բացմանը, ներկա էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պետական այլ մարմինների ներկայացուցիչներ:

Ըստ փոխվարչապետ Վ. Գաբրիելյանի, կանանց ներգրավվածությունը հայաստանյան բիզնեսում բավարար չէ և առնվազն կրկնակի ավելացման ներուժ կա: Դրականն այն է, որ շարժ նկատվում է, և կանանց մասնակցությունը բիզնես ոլորտին աճում է: Ազգային ժողովի փոխնախագահ Հ. Նաղդալյանն էլ ընդգծեց, որ վերջին անգամ նման համաժողով անցկացվել է մոտավորապես 10 տարի առաջ. «Շատ կարևոր է, որ այսօր ևս կազմակերպվել է նման համաժողով, որտեղ վեր են հանվում կանանց ձեռներեցությամբ զբաղվելու խնդիրները: Կինը բիզնեսում ավելի պատասխանատու է և նորարար, իսկ այս հատկանիշներն այսօր պակասում են մեր պետությունում: Հետևաբար կարևոր է, որ կանայք կարողանան սկսել սեփական բիզնեսը և իրագործեն իրենց գաղափարները»,­ նշեց նա` համաձայնելով, որ Հայաստանում բիզնես միջավայրը դեռևս այնքան էլ նպաստավոր չէ կին գործարարների համար, սակայն տարեցտարի դրական միտում է նկատվում այս առումով:

Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզը ելույթ ունեցավ «Կանայք, աշխատանքը և տնտեսությունը. մակրոտնտեսական ձեռքբերումներ գենդերային հավասարության տեսանկյունից» թեմայով. «Եթե մենք չենք մատնանշում խնդիրը, չենք կարող լուծել այն: Աշխատանքի շուկայում տղամարդկանց զբաղվածությունը կազմում է 75 տոկոս, սակայն աշխատանքային տարիքի մարդկանց կեսը կանայք են»,- նշեց նա` ընդգծելով, որ ամբողջ աշխարհում կանայք ավելի շատ ընտանիքի մարդիկ են և իրականում կրկնակի շատ են աշխատում տղամարդկանցից. «Այժմ գենդերային մեծ ճեղքվածք է առաջացել` վաստակելու հետ կապված: Կրթությունը շատ կարևոր է, կրթված կինը շատ ավելի ուժեղ է և ինքնաբավ: Պետք է կանանց` աշխատանքի ապահովության հարցը կարգավորել նաև օրենսդրորեն: Կանանց իրազեկումը շատ կարևոր է և այս միջոցառումը մեծ դերակատարություն ունի այդ առումով»:

RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, խոսելով Հայաստանում RVVZ և IDeA կրթական նախաձեռնությունների և ժամանակակից կրթության մեջ կանանց դերի մասին, հավաստիացրեց, որ Հայաստանում աշխատելու ընթացքում տեսել է, որ ժամանակի հետ այստեղ շատ բան է փոխվում. «Արտասահմանում ապրող հայ կանայք իրենց ամուսիններին, անգամ ոչ հայ, ստիպում են վերադառնալ հայրենիք և այստեղ ծավալել իրենց գործունեությունը: Ես նկատել եմ, որ այստեղ պատանի աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները, թեև նրանց ընտանիքներում սովորեցնում են, որ պետք է հոգ տանեն իրենց հայրերի, եղբայրների, հետո ամուսինների ու զավակների մասին»,- ասաց նա` ընդգծելով, որ կրթությունն իրականացվում է ոչ միայն կրթական հաստատություններում, այլև ամենուր և հատկապես` ընտանիքներում. «Բայց ընտանիքներում մայրերն ավելի մեծ դերակատարություն ունեն այդ հարցում, քան հայրերը»:

Նշենք, որ համաժողովի ավարտին կընդունվի բանաձև` ուղղված ՀՀ կառավարությանը, համապատասխան պետական և միջազգային կառույցներին: Նախատեսվում է նաև երկկողմ համաձայնագրերի կնքում` տարածաշրջանային և միջազգային համագործակցության նպատակով:

«Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթվա» ընթացքում նախատեսվում է կազմակերպել նաև փորձի փոխանականում ու ճանաչողական այցեր դեպի հայկական ձեռնարկություններ, էքսպո ցուցահանդես ու «Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակաբաշխությունը:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section