Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ (ՀԵԿԱ) Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Կանանց ձեռներեցության շաբաթը:
Հայաստանի եւ արտերկրի կին ձեռներեցների միջեւ կապերի ստեղծման նպատակով այսօր Երեւանում բացվել է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, որին մասնակցել են մի քանի տասնյակ կին գործարարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացելով համաժողովը՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է երկրի տնտեսական զարգացման գործում կանանց դերը, ինչպես նաեւ խրախուսում նրանց գործունեությունը:
«Հայաստանյան կին ձեռներեցներն ունեն գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ եւ գործնականում իրականացնում են բազմաթիվ նոր նախաձեռնություններ՝ ղեկավարելով տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերություններ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ հայ գործարար կանայք հիմնականում ներգրավված են փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՓՄՁ-ների զարգացումը մեր կառավարության գերակայություններից է, եւ ցանկանում եմ վերահաստատել, որ կառավարությունը շարունակում է հետեւողական քայլեր ձեռնարկել ՓՄՁ զարգացման համար: Բոլոր այն կին ձեռներեցները, ինչպես նաեւ այն կանայք, որոնք ցանկանում են գործարարությամբ զբաղվել, կարող են ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում զգալ պետության աջակցությունը»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին նշել է, որ հայ կին գործարարները իրենց հաջողություններով կարող են օրինակ ծառայել եւ քաջալերել մյուսներին՝ դառնալու փոփոխության կրողներ Հայաստանում եւ արտերկրում:
«Որպես բիզնեսի սեփականատերեր եւ ՀՀ քաղաքացիներ՝ դուք բոլորդ պատասխանատու եք բարձրաձայնել տնտեսական քաղաքականության մեջ առկա այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են տնտեսական աճը: Ձեզ նման գործարարները պետք է թափանցիկության եւ հաշվետու գործունեության օրինակ ծառայեն Հայաստանի հասարակության եւ կառավարության համար»,- ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի Գործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն էլ ասել է, որ վերջերս Ռիգայում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ն վերահաստատել է վճռականությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ համագործակցությունը փոխշահավետ հետաքրքրություն ներկայացող ոլորտներում:
Նա նշել է, որ ԵՄ-ն, լինելով Հայաստանի զարգացման համար տրամադրվող օժանադակության ցուցանիշներով առաջին դոնորը, շաբաթական միջինը մոտ 1 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրում ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես՝ կանանց ձեռներեցությունը օժանդակելու նպատակով:
«Այս պահի դրությամբ ԵՄ-ն օժանդակում է ՀՀ 21 բուհերի, որոնց միջոցով ցանկանում ենք մեծացնել կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում: Հայաստանի տարբեր մարզերում ԵՄ-ն օժանդակում է գյուղատնտեսությանը՝ հատուկ մոտեցում ցուցաբերելով կանանց ձեռներեցությանը, քանի որ շատ տղամարդիկ մեկնել են արտերկիր աշխատելու»,- ասել է Հոա-Բին Աջեմյանը:
ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրել է, որ համաժողովի ավարտին կընդունվի բանաձեւ՝ ուղղված ՀՀ կառավարությանը՝ խրախուսելու կանանց ձեռներեցությունը: Բացի այդ, համաժողովի ավարտից հետո աշխատանքներ են տարվելու Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի համապատասխան կազմակերպությունների հետ՝ կանանց ձեռներեցության տարածաշրջանային հարթակ ձեւավորելու ուղղությամբ:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն