moneymarket.am
Գյուղմթերքների արտադրության ոլորտում ցուցաբերած անձնվեր աշխատանքի և նվիրումի համար գյուղատնտես վեց կանայք արժանացան «Կին հերոս»-ի կոչման։ Սվետլանա Ղազարյան, Սոֆյա Աթաբեկյան, Աստղիկ Ղուշչյան, Բավական Մելիքյան, Հասմիկ Ղազարյան և Նուշիկ Ջանոյան. սրանք այն անուններն են, որ համալրեցին գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսների շարքերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սոֆյա Աթաբեկյանը նշեց, որ իրենց համար կարևոր է նման գնահատանքի արժանանալը։ «Գյուղական կոոպերատիվներում մեր աշխատանքներն իզուր չանցան։ Առաջին պարգևն այն է, որ զարգանում են կոոպերատիվները, իսկ երկրորդը այս գնահատանքն է, որին արժանացանք այսօր։ Սա առիթ է նոր եռանդով շարունակելու մեր աշխատանքը և նպաստելու գյուղական համայնքների զարգացմանը»,-ասաց տիկին Սոֆյան։
Գյուղմթերքների արտադրության ոլորտում կին հերոսի կոչմանն արժանացած մյուս կանայք ևս ուրախություն հայտնեցին իրենց աշխատանքը գնահատելու համար և խոստացան կրկնապատկել ջանքերը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։
Մրցանակաբաշխության նպատակն է մատնանշել այն բացառիկ դերը, որ ունեն կին ֆերմերները գյուղատնտեսության մեջ։ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ մշտապես անհրաժեշտ է հիշել գյուղատնտեսության ոլորտում աշխատող կանանց և գնահատել նրանց աշխատանքը։ «Մեր գործունեությամբ մենք պետք է կարևորենք գյուղաբնակ մարդկանց աշխատանքի կարևորությունը՝ հիշելով, որ գյուղը երկիրը պահող հզոր ուժ է։ Մենք պետք է նպաստենք, որ գյուղական համանքներում կյանքն ակտիվանա, և կանայք այնտեղ ևս իրենց զգան անհրաժեշտ և կարևոր»,- ասաց Ասատրյանը։
Մրցանակաբաշխության նախաձեռնող ՕՔՍՖԱՄ կազմակերպության ներկայացուցիչ Վադիմ Զուրոյանը տեղեկացրեց, որ ծրագրում ներառվել են հատկապես հեռավոր համայնքները։ «Վայոց Ձորի և Տավուշի մարզերից ընտրված 18 համայնքներն առավել թիրախային են՝ արտաքին շուկա մտնելու տեսանկյունից։ Այդ պատճառով մենք ընտրեցինք այդ համայնքները՝ օգնելով հեշտորեն սպառել իրենց արտադրանքը։ Կոոպերատիվների ստեղծումը աշխուժացրեց գյուղական կյանքը, քանի որ մարդիկ ավելի համախմբված սկսեցին աշխատել»,- ասաց Զուրոյանը։
Այս տարի մրցույթն անցկացվել է 18 կոոպերատիվների անդամ կանանց շրջանում։
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթն անցկացվում է երրորդ անգամ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից։ Մրցույթը խրախուսում է գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և հաջղությունների հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքների կայուն զարգացմանը։
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope