ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բելա Վարդումյան

     
Բիզնեսի հաջողության բանաձը.
Երազանքներն ուժ ունեն

Ես Բելա Վարդումյանն եմ, ապրում եմ Ախթալա քաղաքում: Լինելով համայնքի բնակիչ՝ երկար տարիներ զբաղվել եմ հողագործությամբ՝ աճեցնելով բանջարաբոստանային կուլտուրաներ: Հողագործությամբ զբաղվելը մեր համայնքում տնային տնտեսուհիների հիմնական զբաղմունք է, որը հնարավորություն է տալիս ապահովել ընտանիքի անդամներին առողջ սնունդով:
Ժամանակի ընթացում ստացված բերքի որոշակի մասը նաև վաճառվում էր: Այս հանգամանքը ինձ շատ էր ոգևորում, քանի որ մեր համայնքի բնակիչների կողմից պահանջարկը բավական մեծ էր, և այս ոգևորությունը ինձ ստիպեց մտածել սեփական գործ սկսելու մասին: Ընտանիքիս անդամները շատ էին ոգևորում, սակայն ինձ մոտ դեռ վախ կար այն իրագործելու համար:
Երբ տեղեկացա, որ մեր համայնքում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Եվրոպական միության կողմից իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս կանանց մասնակցել բիզնես դասընթացներին, ներկայացնել բիզես ծրագիր և ստանալ դրամաշնորհ, շատ ոգևորվեցի և որոշեցի մասնակցել ծրագրին:
Մեկ ամիս շարունակ ծանոթացել ենք բիզնես սկսելու, իրագործելու, վարելու գործիքներին: Ստացած գիտելիքների պաշարն ինձ վստահություն տվեց: Այդ փուլում արդեն չէի մտածում ծրագիրը շահելու մասին, վստահ էի, որ եթե նույնիսկ չստանամ դրամաշնորհ, միևնույն է, ստացածս գիտելիքներն անփոխարինելի են:
Բիզնես դասընթացների ավարտին ներկայացրեցի ջերմոցային տնտեսության բիզնես ծրագիրը: Ոգևորությունս ու վստահությունս մեծ էր, ես հավատում էի, որ իմ ծրագիրը իրատեսական է: Եվ ի ուրախություն ինձ, նման կարծիք հայտնեց նաև ՀԵԿԱ-ն, ինձ տրամադրելով դրամաշնորհ՝ իմ վաղեմի երազանքն իրականություն դարձնելու համար:
Փորձ ունեմ իմ ջերմոցային տնտեսությունում աճեցնելու ելակ, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանջարաբոստանային կուլտուրաների շուկան համեմատաբար նոր է ձևավորվում, ինչպես նաև դրանց՝ ջերմոցային պայմաններում աճեցնելու հարմարավետությունը, հետագայում նպատակ ունեմ մշակել ոչ ավանդական մշակաբույսեր ևս:
Շնորհակալ եմ ծրագրի իրականացնողներին, որ հնարավորություն են տալիս մեզ հիմնել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս ծրագրի շնորհիվ ձեռք եմ բերել ամենակարևոր բանն այս կյանքում ՝գիտելիք, փորձ ձեռնարկատիրական ոլորտում, լավ գործընկերներ և նոր կապեր:
Share |