tert.am
Արդեն երկրորդ անգամ է Հայաստանում անցկացվում «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին-հերոս» մրցույթ-մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են ՀՀ մարզերում գյուղատնտեսության ոլորտի ձեռներեց կանայք:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի նպատակն է խրախուսել մեր երկրում այն կանանց, ովքեր գյուղատնտեսության ոլորտում զբաղվում են ձեռներեցությամբ:
«Կանայք իրենց ձեռներեցությամբ կարող են ոչ միայն իրենց տնտեսական վիճակը բարեփոխել, այլ նաև նպաստել իրենց համայնքների զարգացմանը»,- ասաց նա և ավելացրեց, որ այս տարի կանայք շատ ավելի լավ են պատրաստվել ցուցահանդեսին, քան նախորդ անգամ:
Նշենք, որ մրցանակաբաշխության արդյունքում «հերոս կին» մրցանակին արժանացավ 4 կին, 10 -ն արժանացավ խրախուսական մրցանակի։ Խրախուսական մրցանակի արժանացան նաև 6 կոոպերատիվ ու 4 հանրային թղթակից։
«Կին-հերոս» կոչմանն արժանացած Նունե Ավագյանը, ով Վայոց ձորի մարզի Գոմք համայնքից է և առաջին անգամ էր մասնակցում, նշեց, որ ցուցահանդեսը կարևոր է «գյուղի կնոջը հաշվի են առնելու տեսակետից»:
«Այսինքն՝ տեսնում են նրա աշխատանքը, գնահատում են նրա ձգտումները: Նաև շատ կարևոր է հենց փորձի փոխանակման տեսակետից, սա նաև մեծարման ինչ-որ ձև է, որ կինը կարող է իր ստեղծած բարիքը ներկայացնել բոլորին»,- ասաց նա:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է խրախուսել գյուղում աշխատող կնոջը:
«Գյուղատնտեսությունը հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ և շատ կարևոր է այստեղ կնոջ դերը: Կանայք թե՛ անասնապահության, թե՛ բուսաբուծության ոլորտում մեծ դեր ունեն: Այսպիսի միջոցառումներով նպատակ կա բարձրացնել կնոջ դերը: Մրցանակաբաշխությունը նաև նպատակ ունի ցուցադրել մեր գյուղատնտեսական արտադրանքը, գիտեք, որ վերջնական օղակը դա իրացման օղակն է և գյուղնախարարությունը պատրաստ է աջակցել հայ կին ֆերմերներին և անցած տարի նման փորձ ունեցել ենք»,- ասաց նա:
Նշենք, որ մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված էին գյուղատնտեսական տարատեսակ մթերքներ՝ չրեր, կաթնամթերք, բանջարեղեն, պահածոներ, քաղցրավենիք և այլն:
Նշենք նաև, որ այս ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» ու ՕՔՍՖԱՄ-ի կողմից:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն