arka.am
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղական համայնքներում գյուղատնտես կանանց աջակցության հարցերն են քննարկվում Երևանում` «Գյուղատնտեսության ոլորտի խնդիրները» երկօրյա աշխատաժողովի ընթացքում։
Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում` Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ։
«Ծրագրի և աշխատաժողովի նպատակն է խրախուսել նշված համայնքների կին գյուղատնտեսներին ու հզորացնել նրանց կարողությունները։ Ծրագիրն ուղղված է ոլորտում գործող կողմերի (արտադրող-վերամշակող-ֆինանսական կազմակերպություններ) միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորմանը»,– «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով` ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը։
Ըստ նրա` հաշվի առնելով, որ այսօր կանայք իրենց վրա են վերցնում գյուղատնտեսական աշխատանքների մեծ մասը, նրանց ուսերին են ընկած նաև այն խնդիրները, որոնց թվում նա մատնանշեց գյուղերում ոռոգման ջրի պակասի խնդիրը։
«Այսօր լայնորեն քննարկվում է ջրի խնդիրը, հատկապես այն խիստ է դրված Արարատյան դաշտավայրի գյուղացիների համար»,– ասաց Ասատրյանը` ընդգծելով, որ այսօր Արարատյան դաշտավայրին անապատացում է սպառնում, ինչը բացասաբար է ազդում գյուղատնտեսության վրա։
Ասոցիացիայի ղեկավարը նշեց նաև ոլորտի ապահովագրման և դրա հետ կապված ռիսկերի խնդիրը, որոնք պետք է հաշվի առնվեն գյուղացիների կողմից։
Ասատրյանը հատուկ ուշադրություն դարձրեց շուկայում գյուղացիների վերջնական արտադրանքի իրացման խնդրին` ընդգծելով գյուղական արտադրանքի ուղիղ իրացում ապահովելու համար Երևանում գյուղատնտեսական տոնավաճառների անցկացման կարևորությունն ու արդյունավետությունը։
Նա տեղեկացրեց նաև, որ Ասոցիացիան նախատեսում է 2013թ.–ին Երևանում մի քանի գյուղատնտեսական ցուցահանդեսներ անցկացնել գյուղացիական տնտեսություններին աջակցության համար։
«Գյուղատնտեսությունների զարգացման միտումներն ու հեռանկարները» թեմայով քննարկումներին մասնակցեցին գյուղական համայնքների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր նշեցին գյուղացիների և գյուղատնտեսների իրազեկության կարևորությունը` արտադրության գործընթացի օպտիմալացման հնարավորությունների, ագրոհատվածի արտադրանքի վերամշակման և իրացման վերաբերյալ, ինչը թույլ կտա կրճատել ռիսկերը և մեծ շահույթ ստանալ արտադրանքի որակի բարելավման և ծավալների հաշվին։
«Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագիրը նախատեսված է Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար։
Աշխատաժողովը կշարունակվի մայիսի 8–ին, քննարկման թեմա կդառնան գյուղատնտեսության ոլորտի ժամանակակից խնդիրները։
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն