ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երբ տղամարդիկ ստորագրում են, որ կանայք հզորանան

02/08/2013
a1plus.am
Հուշագրի տակ, որը պիտի նպաստի Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, դրվեց 13 տղամարդու եւ ընդամենը մեկ կնոջ ստորագրություն: Այդ կինն էլ նախագահն է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի», որն իրականացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը:

Լոռու մարզի 113 համայնքներից վեցի ղեկավարը կին է: Նրանց ղեկավարած գյուղերը համեմատաբար փոքր են:Այսօրվա հուշագիրը ստորագրեցին մարզպետը, մարզի ութ քաղաքապետերը եւ չորս ամենամեծ գյուղերի ղեկավարները:

Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը ուրախ կլինի, որ իր ղեկավարած համայնքում կանայք հասարակական ակտիվություն ցուցաբերեն: Մանավանդ որ արտագաղթի հետեւանքով գյուղում մնացել են հիմնականում կանայք: Այս գյուղի դպրոցում ուսուցչական մեծամասնությունը կին է, սակայն տնօրենը տղամարդ է: Պարոն Սահակյանի կարծիքով՝ գյուղական համայնքներում կանանց հասարակական -քաղաքական պասիվությունը մեր ազգային մենթալիտետից է գալիս, երբ կանայք ավելի ընտանեկան հոգսերով են զբաղված:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն այլ տեսակետ ունի. կանայք ՀՀ-ում ավելի քիչ են պաշտոններ զբաղեցնում, քանի որ տնտեսապես անկախ չեն:

Այս ծրագրով լոռեցի կանանց համար կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, ինչպես նաեւ տրամադրվելու է ֆինանսական աջակցություն ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

Լիլիթ Ասատրյանն ասում է, որ ծրագրեր կարող են ներկայացնել ոչ միայն հուշագիրը ստորագրած համայնքների կանայք: Հավանության կարժանան հատկապես արդյունաբերական ծրագրերը:
ԵՄ այս եռամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 768.357,95 եվրո է:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում