ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Թանգարանները «Շրջանակից դուրս» կներկայանան դպրոցականների միջոցով

07/10/2013
armenpress.am
«Շրջանակից դուրս» ծրագրի շրջանակներում, Հովհաննես Թումանյանի թանգարանում առաջին անգամ ցուցադրվեցին դպրոցահասակ պատանիների կողմից ստեղծված 11 կարճ ֆիլմ-պատմություններ թանգարանի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի լրատվական բաժնից, ծրագրին մասնակցել են 13-15 տարեկան 12 պատանիներ Երևանի տարբեր դպրոցներից, մեկը` Արցախից:

Ամռան ամիսներին մասնակիցները նախ հնարավորություն են ստացել մանրամասն ուսումնասիրել թանգարանի ողջ նյութը, ապա ներգրավվել են գործնական դասընթացում, որի շնորհիվ սովորել են տարրական գիտելիքներ ֆիլմի թեմայի ընտրության, սցենարի ձևավորման և ռեժիսորական մտահղացման վերաբերյալ: Այնուհետև յուրաքանչյուրը նշված փուլերով անցել է իր իսկ ֆիլմի զարգացման ընթացքում՝ թանգարանի կողմից ստանալով բացառիկ թույլտվություն՝ մտնելու սովորական այցելուների համար փակ տարածքներ, շոշափելու եւ նկարահանելու իրենց հետաքրքրող նյութերը: Այսօր արդեն 11 կարճ ֆիլմերը ազատ տեղադրված են համացանցում՝ հնարավորություն տալով ծանոթանալու թանգարանի թաքուն անկյուններին ու անծանոթ հերոսներին: Ֆիլմերը ցուցադրության իրավունքով նվիրվել են Թումանյանի թանգարանին: Մասնակիցների խումբը, ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ կայցելեն նաև Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր, որտեղ նույնպես կցուցադրեն ֆիլմերն ու կնվիրեն Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանին:

«Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացել է Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ` Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում և նպատակ ուներ ֆիլմ-պատմությունների միջոցով ավանդական շրջանակներից դուրս բերել թանգարանի ասելիքը: Ծրագիրն իրականացել է Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը շարունակել Երևանի և մարզերի այլ թանգարաններում:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում