womennet.am
Լոռու մարզի փոքր համայնքներից մեկում` խաչքարերով, վայրի բերքատու ծառերով ու բնական աղբյուրներով հարուստ Նեղոցում է բնակվում և իր տնտեսությունը վարում Ռոզա Կիրակոսյանը: Նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ներկայացրել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
Ռոզա Կիրակոսյանը 48 տարեկան է, շուրջ 30 տարի է, ինչ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Իր տնամերձ հողակտորում աճեցնում է բանջարեղենի տարբեր տեսակներ`լոբի, կաղամբ, կարտոֆիլ, գազար, լոլիկ, վարունգ, ստանում է խնձորի, տանձի, արքայանարնջի և սերկևիլի առատ բերք: Մոտ 5 տասնյակ մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, հավեր ունի.
- Հողագործության և անասնապահության մեջ ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված: Անկանխատեսելի շատ բաներ են տեղի ունենում, որ ստիպված ենք լինում զրոյից սկսել: Օրինակ` խոզերի հիվանդություն տարածվեց, որի պատճառով մեր բոլոր 65 խոզերը սատկեցին, հիմա ընդամենը 6 գոճի ունեմ: Հույս ունեմ, որ գոնե դրանց կկարողանամ մեծացնել,- ասում է Ռոզա Կիրակոսյանը:
Ինչպես և գյուղի ընտանիքների մեծ մասի, այնպես էլ նրա ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն են:
- Յուղ եմ պատրաստում, կաթնամթերք ու մսամթերք ստանում, գոհ եմ, որ կարողանում եմ ընտանիքիցս բացի նաև իմ համագյուղացիներին ապահովել թարմ, առողջ ու մաքուր սննդով,- նշում է նա:
Իր կյանքի մեծագույն ձեռքբերումն ու հարստությունն է համարում իր երեք զավակներին և երկու թոռներին: Նրա կարծիքով՝ բոլոր դժվարությունները դառնում են ժամանակավոր և հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել:
Ռոզա Կիրակոսյանն առաջիններից էր, ով տեղեկանալով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Լոռու մարզում իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մասին` մասնակցության ցանկություն և պատրաստակամություն հայտնեց:
- Նման ծրագրերը նպաստում են մեր կանանց ակտիվացմանը և զարգացմանը, նոր գաղափարներ են ծնում: Իսկ ապագայի շատ ծրագրեր կան. ցանկանում եմ վերականգնել կորցրածս, մեծացնել տնտեսությունս,- ավելացնում է Ռոզա Կիրակոսյանը:
Անուշ Շիլաջյան, ՀԵԿԱ
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն