ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տեղական տնտեսական զարգացման մոդելի ներկայացումը Ախթալայում (լուսանկարներ)

08/03/2014
   
oratert.com
Մարտի 7-ին Ախթալայի քաղաքապետարանում կայացավ Ախթալա քաղաքի և շրջակա Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի ներկայացումը, որը մշակվել էր «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» մեթոդոլոգիայով:

ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:

Միջոցառման մասնակիցներն էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Ներկաներին իրենց ողջույնի խոսքն ասացին ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, ԵՄ ներկայացուցիչ Իրինա Մովսեսյանը, համայնքների ղեկավարներն ու այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին համախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայքների տնտեսական զարգացմանը: Արդյունքները ներկայացրին ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչները և փորձագետները: Հարց ու պատասխանի ընթացքում բարձրացվեցին նաև համախմբի բնապահպանական հարցերը:

«ՏՏԶ մոդելի զարգացումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին: Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ընդգրկված համայքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին»,- ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Տարբեր տեսանկյուններից ներկայացվեցին համայնքների առավելություններն ամենատարբեր ոլորտներում` հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կլիմայական և այլն: ՏՏԶ փորձագետ Ռշտուն Մարտիրոսյանը ներկայացրեց տարածքի բարենպաստ պայմանների առավելությունը, որը թույլ է տալիս մշակել մերձարևադարձային կուլտուրաներ, ինչը պայմանավորվում է հարևան Վրաստանին սահմանակից լինելով:Այդպիսով մեծանում է շուկա դուրս գալու պոտենցյալը տարածաշրջանում:

Կարևոր է նաև պատմամշակութային հուշարձաններով հարուստ լինելու առավելությունը, ինչը նույնպես դինամիկ մրցակցություն է առաջ բերում:

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքային համալիրը բացի հոգևոր կենտրոն լինելուց, նաև պատմական հուշարձան է, ինչպես նաև մշակութային և հասարակական միջոցառումներ կազմակերպելու վայր, ինչպես օրինակ հայտնի խորովածի փառատոնը:

Սակայն զուգահեռաբար նշվում էին նաև համայնքում առկա խնդիրները, որոնք ուղղակիորեն խոչընդոտում են վերոհիշյալ առավելությունների զարգացմանը, ինպես օրինակ զուգարանների, հյուրատների, սննդի կետերի բացակայությունը, ինչը խանգարում է զբոսաշրջության զարգացմանը:

Համայնքին բնորոշ առավելություններից են անտառները` հարուստ մրգերով և հատապտուղներով, իսկ մեղմ կլիմայական պայմանները բարենպաստ են մարդու բնակության համար, թեև չնայած դրան նկատելի է արտագաղթը համայնքից:

Ամենահետաքրքրական առավելություններից է տրիտոնների առկայությունը համայնքի Շամլուղ գյուղում, ինչը կարող է խայծ հանդիսանալ գիտնականների, զբոսաշրջիկների, ֆաունայով հետաքրքրվողների համար` հաշվի առնելով, որ աշխարհում շատ քիչ թվով տրիտոններ են հանդիպում:

Համայնքի ղեկավարների, ՏՏԶ մասնագետների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին նաև անտառտնտեսության, ոռոգման համակարգի, մրգերի ու հատապտուղների հավաքման ու մթերման խնդիրները, մրգերի չորանոցների, գյուղտեխնիկայի, մեծ կորուստներով կազմակերպվող բերքահավաքների, տարաների, պտուղ-բանջարեղենի փաթեթավորման, գյուղատնտեսական սարքավորումների հարցերը:

Ուրախալի էր տեղական մեղրի` որպես Ախթալայի սուրբ Աստվածածին վանքի բրենդ սահմանելը. լորենու մեղրը որպես փորձանմուշ ներկայացվել է Գերմանիայում և հաստատվել որպես էկոլոգիապես մաքուր, ստանդարտներին համապատասխան մեղր:

Ներկայացվեցին նաև համախմբի մի շարք կարիքները, ինչպես օրինակ Տիկնիկային թատրոնի, գեղեցկության սրահի, օտար լեզուների խմբակների , գրադարանի վերաբացման, մանկական խաղահրապարակների, աղբամանների և նստարանների տեղադրման և այլն` հուսալով, որ առկա խնդիրները լուծելու համար կգտնվեն կամավորներ, ովքեր կթողնեն իրենց կոնտակտային տվյալները` հետագա համագործակցության համար:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում