armenpress.am
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի ստեղծագործ երիտասարդական խմբերի մասնակցությամբ 2013թ. ապրիլի 13-22-ը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կկազմակերպվի երրորդ աշխատաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Լևոն Բարսեղյանը, 10-օրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն թանգարանի ցուցանմուշները, կդիտարկեն զուգահեռները Գյումրի քաղաքի անցյալի և ներկայի միջև և այս ամենը կարտահայտեն ժամանակակից արվեստի միջոցով:
Գյումրին գեղեցիկ քաղաք է, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ, մշակույթով և հատկապես մարդկանցով` յուրօրինակ հումորի զգացումով, աշխատասիրությամբ և ավանդապաշտությամբ: «Այս ամենն արտահայտված է թանգարանի ցուցադրության մեջ, որն էլ կդառնա նոր ստեղծարար հարթակ երիտասարդ արվեստագետների համար», - ասում է ծրագրի գործընկեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչը: Կազմակերպիչները ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի ընտրությունը, որպես նորարարական արվեստի առաքելության իրականացման հարթակ, պատահական չեն համարում: Դրա համար պատճառ է հանդիսացել արվեստների և քաղաքային ավանդազրույցների` թանգարանում եղած ազդեցիկ ցուցադրությունը, ինչպես նաև թանգարանում կազմակերպվող ժամանակակից արվեստի բիենալեներն ու հումորի ամենամյա փառատոնը:
Աշխատաժողովը կազմակերպվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում, ԵՄ կողմից ֆինանսավորվող և Եվրոպական մշակութային հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ուկրաինայի «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան կենտրոնի կողմից: 21 երիտասարդ հեղինակներ երեք երկրներից` ընտրված մրցութային հիմունքներով, կմասնակցեն միջոցառմանը: Մասնակիցների շարքերում են երիտասարդ նկարիչներ, ապագա ճարտարապետներ և ոճաբաններ: Խմբի ստեղծագործ աշխատանքի արդյունքները կներկայացվեն 2013թ. ապրիլի 21-ին` ժ.12.00-ին, «Կյանքից դեպի արվեստ» խորագրով ցուցահանդեսի ընթացքում:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրը համագործակցում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ, Հայաստան) և ԴՐՈՆԻ (Վրաստան) կազմակերպության հետ: Ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից (562 767 եվրո): Ծրագրի հիմնական նպատակներն են` ավանդական մշակութային ժառանգության հիման վրա խրախուսել և տարածել մշակութային և ստեղծարար նորարար լավագույն օրինակները, ինչպես նաև թանգարանների հետ համագործակցության գործընթացում ընդգրկել հասարակական կազմակերպություններին, ստեղծագործ միավորումներին և անհատ հեղինակներին` թանգարաններին նոր կյանք հաղորդելու, նոր այցելուներ ապահովելու և հանրությանը համար ավելի բաց ու գրավիչ դարձնելու համար:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն