ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Գյուղատնտես կանանց ներուժը կներդրվի տնտեսության զարգացման մեջ

07/05/2013
shirak.agro.am
Գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց հնարավորությունները մեծացնելու նպատակով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ծրագիր է իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխատաժողովում «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի ավարտական փուլում ամփոփվեց իրականացված աշխատանքը: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը դրական գնահատեց մեկ տարի շարունակ կատարված աշխատանքը` նշելով, որ գյուղական համայնքներում կազմակերպված դասընթացներն ու խորհրդատվությունը օգտակար եղան գյուղատնտեսության ոլորտի կանանց համար: «Կանայք, ավելի լայն պատկերացումներ ու գիտելիքներ ունենալով գյուղատնտեսության վերաբերյալ, կարող են նպաստել տնտեսության զարգացմանը: Բարձրացնելով տնտեսության մեջ կանանց մասնակցությունը` հնարավոր է ստեղծել առավել ամուր տնտեսություն»,- ասաց Ասատրյանը` հավելելով, որ կանանց ներուժը պետք է օգտագործել պետության զարգացման համար: Նրա խոսքով` ծրագրի շրջանակում պատրաստվել է տեղեկատվական գրքույկ, որտեղ ներկայացված է գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների մասին տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը կարևորեց պետական մարմինների համագործակցությունը հասարակական սեկտորի հետ: «Արտադրող, վերամշակող, ֆինանսական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումը կարևոր է տնտեսության զարգացման համար: Հաշվի առնելով, որ վերամշակման գործընթացը Հայաստանում բավական զարգացած է` հարկավոր է ուշադրություն դարձնել արտադրությանը և վերամշակմանը»,- ասաց Մակարյանը: Նրա կարծիքով` համատեղելով բոլոր ուժերը` պետք է կազմակերպել փորձի փոխանակում:
«Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագիրն իրականացվում է 2012 թվականի մարտից, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների և խմբերի համար: Ծրագրի նպատակն է խրախուսել համայնքների կին գյուղատնտեսներին ու նպաստել նրանց կարողությունների զարգացմանը: Ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպվել են նպատակային ուսուցողական դասընթացներ և խորհրդատվություններ:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում