ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԵՄ ավտոբուսի երբևէ առաջին շրջայցը Հայաստանում մեկնարկում է Գյումրիում Եվրոպայի օրվա տոնակատարության հետ միասին

26/05/2013
eucentre.am
26 մայիսի, 2013, Երևան – Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումներն անցկացվեցին Երևանից դուրս` Գյումրիում, մայիսի 26-ին: Սա նաև նշանավորեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզեր ԵՄ ավտոբուսի շրջայցի մեկնարկը, որ կազմակերպել է Երևանում ԵՄ կենտրոնը:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Գյումրիում մեկնարկեցին Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հանդիպմամբ, որտեղ քննարկվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը:

Դեսպան Տրայան Հրիսթեան հանդիպմանը նշեց, որ ուսուցչի աշխատանքը շատ կարևոր է: «Իմ ծնողներն ուսուցիչներ են, և ես գիտեմ, թե ինչ պատասխանատվություն ունի ուսուցիչը», ասաց դեսպանը: «Ուսուցիչներ պատրաստելն էլ ավելի մեծ պատասխանատվություն է»:

Դեսպան Հրիսթեան այդուհետև ցուցահանդես բացեց Գյումրու «Սթայլ» պատկերասրահում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի համաձայն, այս տարի անցկացվող Եվրոպայի oրվա մտահղացումն էր բաց երկխոսոթյուն ծավալել մարդկանց հետ` ի ցույց դնելով Եվրոպական միության թափանցիկությունը և բաց վերաբերմունքը: «Մեր նպատակը տեղեկատվություն տրամադրելն է` առաջ բերելու ձեր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը», ընդգծեց դեսպան Հրիսթեան:

Ցուցահանդեսում ներկայացված կտավները ստեղծվել էին մայիսի 24-ին «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում վեց հայ արվեստագետների կողմից և ներկայացնում էին եվրոպական արժեքների նրանց ընկալումները:

Միաժամանակ, փոքրիկ տեղեկատվական տոնավաճառ անցկացվեց, որտեղ Շիրակի մարզում ակտիվ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը («Ապագա ընտրողները որպես ժողովրդավարական փոփոխությունների գործակալներ. ապագան հիմա է» (իրականացվում է Երիտասարդական գիտա-մշակութային կազմակերպության կողմից), «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» (իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից), «Հարստություն բազմազանության միջոցով» (իրականացնում է ՀԿ կենտրոնը), «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» (իրականացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան)) ներկայացրեցին իրենց գործունեությունը:

ԵՄ ավտոբուսը մայիսի 27-ին շրջայց կկատարի Շիրակի մարզում` հնարավորություն ընձեռելով Եվրոպական միության մասին ավելին իմանալ հարցաշարերի, խաղիկների ու վիճակախաղի միջոցով, որ կներկայացնեն Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Ցանկացած մարդ կարող է մասնակցել վիճակախաղին` հետաքրքրական մրցանակներով:

ԵՄ ավտոբուսը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում կլինի մայիսի 26-31-ը: ԵՄ ավտոբուսը ԵՄ կենտրոնի շարժական տարբերակն է:

ԵՄ կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտացած հաստատություն է, որը համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի` հաղորդակցությանն ուղղված գործունեությունը։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում